Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութն ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը`

1) Եվրոպական խորհրդի նախագահին.

2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին.

3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:

Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:

Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:

Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:

Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»,- գրել է  նա: