Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրանում նոր նախագահի ընտրությամբ արցախյան հարցի շուրջ վերաբերմունքը չի փոխվի. իրանագետ (տեսանյութ)

Իրանում նախագահական ընտրություններն ու նոր նախագահ ունենալու փաստը չեն կարող փոխել նրանց վերաբերմունքը արցախյան հարցի շուրջ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։ Նա նշեց, որ Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները հիմնականում մշակվում են ոչ նախագահի կողմից և նախագահը հիմնականում իրականացնող մարմիններից մեկն է․ «Չեմ կարծում՝ որևէ փոփոխություն լինի, քանի որ Հայաստանի կողմից նույնպես արցախյան հիմնախնդրի խոշոր շոշափումներ չկան։ Կարծում եմ՝ իրանական կողմը հավատարիմ է մնալու իր հայտարարություններին՝ տարածքային ամբողջականության պահպանում, խաղաղության կոչեր»։

Ռուսական խաղաղապահների առկայությանն Արցախում, իրանագետի խոսքով, Իրանը դրական է վերաբերում․ և՛ իր դաշնակից պետություն է համարում Ռուսաստանին, և՛ Արցախի պատերազմական գործողությունների դադարեցմանը դրական է վերաբերվել։

«ԱՄՆ-Իրան հարաբերություններում էլ, եթե պատժամիջոցները հանվեն, իսկ դրանք կարծես թե հանվելու են, կարող է օգնել իրանական տնտեսական ներկայությանը Հայաստանում՝ հեշտացնելով բանկային ու ֆինանսական գործողություններն Իրանի հետ», - ասաց Գարիկ Միսակյանը։

Հայաստանում և Իրանում ընտրություններ էին և փոխադարձ շնորհավորանքներ հնչեցին նորընտիր ղեկավարներին, ասաց Միսակյանը։ Սակայն մինչ այդ էլ Իրանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հստակ ազդակներ են եղել․ «Երկու կողմերից էլ կան ազդակներ, նաև հիշենք, որ Իրանում արցախյան պատերազմից հետո զգացել են, որ իրենք դիրքերի որոշակի թուլացում ունեն ու բավականին շատ խոսվում է Սյունիքի մարզում հյուսիս-հարավ ավտոճանապարհի կարևորության մասին։ Պետք է սպասել, որ այդ հարաբերությունները զարգանալու են և պետք է հայկական կողմից ավելի հստակ օրակարգ պահանջել»։

 Մանրամասները տեսանյութում։