Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xorvatia
A A
Սպորտ

Լուկա Մոդրիչը փրկեց Խորվաթիային, իսկ սեփական դաշտը չօգնեց Շոտլանդիային. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում եզրագիծը հատեց նաև D խումբը: Անգլիայի ընտրանին 3-րդ տուրի խաղում Լոնդոնում 1:0 նվազագույն հաշվով հաղթեց Չեխիային, վաստակեց 7 միավոր և գրավեց 1-ին տեղը: Միակ գոլը 12-րդ րոպեին խփեց Ռահիմ Սթեռլինգը:

Գլազգոյում Շոտլանդիայի հավաքականը ընդունեց Խորվաթիային: Թիմերին հարկավոր էր միմիայն հաղթանակ, քանի որ ոչ-ոքիի դեպքում կողմերը վաստակում էին 2-ական միավոր և դուրս մնում առաջնությունից: Առաջին խաղակեսում գրանցվեց հենց ոչ-ոքի արդյունք` 1:1, սակայն երկրորդում խորվաթների ավագ Լուկա Մոդրիչը նախ գոլ խփեց, ապա գոլային փոխանցում կատարեց խաղընկերոջը:

Արդյունքում Խորվաթիան հաղթեց 3:1 հաշվով և վաստակած միավորներով (4) հավասարվեց Չեխիային, սակայն լրացուցիչ հաշվարկներով զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Չեխերը նույնպես կշարունակեն պայքարը, քանի որ 3-րդ տեղերը գրաված թիմերի մեջ նրանք լավագույն արդյունքն են ցույց տվել: