Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջտըւ (1)
A A
Պաշտոնական

«Վեոլիա Ջուր»-ը մեղադրում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին

Հայտարարություն
 
 
Այսօր, ժամը մոտ 21.30-ին «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումը կազմել է 5484 վոլտ, պահանջվող 6000-ի փոխարեն /լուսանկարը կցվում է/: Դրա պատճառով տեղադրված 4 խոշոր պոմպերից ներկայումս աշխատում է միայն 1-ը, մյուսները հնարավոր չէ միացնել՝ լարման կտրուկ անկման պատճառով: Արդյունքում, Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները միջինը 560 լիտրի փոխարեն վայրկյանում ստանում են ընդամենը 180 լիտր ջուր:
 
Իսկ Գեղարքունիքի «Հացառատ» պոմպակայանում լարումը 400 վոլտի փոխարեն կազմել է 320-360 վոլտ: Դրա պատճառով 2 պոմպի փոխարեն աշխատել է միայն 1-ը, սպառողներին մատակարարվող ջուրն էլ կրճատվել է կիսով չափ:
 
Սա ՝ ի պատասխան ՀԷՑ-ի այն պնդման, որ «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի վթարային անջատման հետևանքով առաջացած լարման շեղումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլատրելի շեղումներ են, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող:
 
Չխորանալով տեխնիկական մանրամասների մեջ՝ կարող էին դրանք խախտումներ առաջացնել, թե ոչ, ասենք միայն, որ Արմավիր քաղաքը սնող պոմպակայանում այսօր, հունիսի 22-ին, այնուամենայնիվ, սովորականի պես, 4-րդ պոմպը հնարավոր է եղել գործարկել միայն 18.00-ից հետո. ցերեկը դա հնարավոր չէ անել ցածր լարման պատճառով, բնականաբար, քաղաքի ջրամատակարարումն էլ լիարժեք չի իրականացվել:
 
Իսկ ընդհանրապես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հունիսի 22-ի մամուլի հաղորդագրությունը խնդրո առարկայի վերաբերյալ հետևանք էր ոչ թե մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների 1-2 դեպքի, այլ առնվազն վերջին 15 օրերին ստեղծված իրավիճակի: Այս ընթացքում գրանցվել են հարյուրավոր դեպքեր, երբ համակարգի պոմպակայանների ավտոմատ անջատիչները հոսանքազրկել են պոմպերը, խուսափելու համար ցածր լարմամբ պայմանավորված վթարներից: Փաստորեն, ունենալով ջուր, ընկերությունը զրկված է եղել այն սպառողներին մատակարարելու հնարավորությունից:
 
Հանրությանը ներկայացնելով սույն պարզաբանումը, Վեոլիա ջուր ընկերությունը հույս է հայտնում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ամենասեղմ ժամկետներում կլուծի առկա խնդիրը, ամռան այս շոգ օրերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելու համար:
 
 Վեոլիա ջուր ՓԲԸ