Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cagggpture
A A
Քաղաքականություն

«Ես փախչող տեսակ չեմ»․ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի հրապարակում է (տեսանյութ)

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, և որ ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ՝ շարունակել պաշտոնավարումս և թե կառչած եմ աթոռից։ Ամենևին ո՛չ։ Ես, պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների և հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը։ Ես փախչող տեսակ չեմ»,- քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ուղերձում ասաց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

 Մինչև  ելույթը սկսելը նախագահը բոլորին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար նահատակված  հերոսների հիշատակը:
 
Արայիկ Հարությունյանը  խոսել է բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
 
Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշել է, որ պատրաստ է բոլորի հետ երկխոսության:
 
«Թող արտահայտեն իրենց կարծիքը, պատրաստ եմ լսել և՛ հրապարակայնորեն, և՛ առանձին, պատրաստ եմ լսել նրանց, ովքեր այստեղ տարբեր վանկարկումներ են անում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին», - շեշտեց նա:
 
Ա. Հարությունյանը  մի քանի ընդգծում կատարեց ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին:
 
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ եմ ունեցել այլ քաղաքական ուժերի ղեկավարներ  Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ես պահպանել եմ չեզոքություն: Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել», - իր խոսքում ասաց նա:
 
Նախագահը ներողություն  հայցեց Արցախի ժողովրդից իր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար:
 
Նաև  շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր պատերազմի ընթացքում անգամ ամենափոքր ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
 
«Շնորհակալ ենք և խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների ու նրանց հարազատների առջև: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում  ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին՝ ղեկավար Մուրադովի գլխավորությամբ, որոնք այսօր պահպանում են մեր անդորրը», - առանձնացրեց Արայիկ Հարությունյանը