Եթե որոշ ուժեր աթոռի ծարավ ունեն, կարող ենք կահույքի խանութից աթոռ նվիրել. ՀԱՊ կուսակցության նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի մարզերում որոշ քաղաքական ուժերի կողմից ուղարկված անձինք փորձել են խոչընդոտել ՀԱՊԿ քարոզարշավը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Համահայկական ազգային պետականություն կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։
«Մենք դիմեցինք ոստիկանություն, բայց որոշ քաղաքներում նա բառիս բուն իմաստով ձեռնպահ մնաց ու չաջակցեց մեզ: Կային թաղամասեր, որտեղ նախքան մեր գնալը քաղաքական ուժերի կողմից ուղարկված անձինք մոտենում էին մարդկանց ու ասում էին` գնացեք տուն: Մարդիկ էլ, որոնք ստիպված էին որևէ հատատությունում, գործարանում աշխատելու պատճառով ենթարկվել, չէին մասնակցում», - ասաց նա:
Ազդել մարդու որոշման վրա, նրա խոսքով, նշանակում է ազդել մարդու ազատության վրա: Թե քաղաքական որ ուժերն էին նրանք, Արթուր Վարդանյանը նշել չցանկացավ, սակայն շեշտեց, որ անկախ այդ ամենից՝ իրենք շարունակել են իրենց քարոզարշավը, տուն առ տուն մտել են, հանդիպել մարդկանց անհատապես ու տեղեկացրել իրենց ծրագրերի մասին:
Նա նշեց, որ քարոզարշավը սկսել են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից։ Նրա խոսքով՝դա պատահական չէ, քանի որ այն հայ ազգի համար Սուրբ քաղաք է։
Դրանից հետո արդեն մեկնել են տարբեր սահմանամերձ գյուղեր ու մարզեր, որտեղ հանդիպել են բնակիչներին, զինծառայողներին ու նախկին սպաներին. «Մարդիկ ուրախանում են, որ կա քաղաքական ուժ, որ առնչություն չունի որևէ այլ ուժի հետ` հաշվի առնելով նախկին և ներկա հասկացողությունները: Զրուցում էինք նրանց հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները»:
Ժողովրդին չլսելով փորձել նրանց դուրեկան դառնալ, չի կարելի, կարծում է Արթուր Վարդանյանը. «Եթե նրանք աթոռի ծարավ ունեն, կարող ենք նրանց յուրաքանչյուր կահույքի խանութից աթոռ գնել, նվիրել, թող հագեցնեն իրենց ծարավը»:
Նա նշեց, որ քարոզարշավն արդար չէ։Այն հնարավորություն չի տալիս բոլոր քաղաքական ուժերին ներկայացնել իրենց գաղափարախոսությունը. «Օրինակ բանավեճը, որ պետք է տեղի ունենար բոլոր քաղաքական ուժերի միչև, բաժանվեց երկու մասի` էլիտար մասի և փոքր ու նորաստեղծ քաղաքական ուժերի, որոնք իշխանության մաս չեն եղել: Սա նույնպես պառակտման միջոց էր. ինչպե՞ս էին բաժանումն արել»:
Վարդանյանը նշեց, որ իրենք նույնպես չէին մասնակցում բանավեճին, որովհետև իրենց հարցերը նախկին ու ներկա իշխանությանը հղելու հնարավորություն չունեին:
Խոսելով քարոզարշավին մարդկանց մասնակցության մասին՝ նա, առանց անուն նշելու, նշեց․ «Ես եղել եմ իմ հայրական գյուղում` Ծաղկաբերում, և այնտեղ կար քաղաքական մի ուժ, որը գազելներով մարդիկ էր բերել: Գյուղից ոչ մի բնակիչ ներկա չէր քարոզարշավին»:
Անդրադառնալով ընտրություններից հետո բախումների հավանականությանը, պարոն Վարդանյանն ասաց, որ եթե բախումներ տեղի ունենան, մենք վերջնական կարող ենք կորցնել պետությունը. «Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ այդպիսի քայլերից: Նոր ցնցում մեր երկրի համար պետք չէ»:
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը տարբերվում է նրանով, նշեց Արթուր Վարդանյանը, որ անվտանգության խնդրի լուծումը իրենց համար նախընտրական ծրագիր չէ, որ վաղը կմոռացվի: Իրենք կիրառական քայլեր են պատրաստվում իրականացնել այդ ուղղությամբ:
«Պետք է վերականգնել արդարությունը, որովհետև 30 տարվա ընթացքում մենք արդարություն չենք տեսել: Ինչու է շատ արտագաղթը, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, քանի որ չկա արդարություն, հավասարություն օրենքի առաջ», - ասաց ՀԱՊ կուսակցության վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը: