ՀԱՊԿ վարչապետի թեկնածուն հանրությանը հայտնի է «զինված խմբի» գործով
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցությունն է։ Հանրությանը անհայտ այս կուսակցության կրճատ անվանումը համընկնում է ՀԱՊԿ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ։
Կուսակցությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է ընդամենը մայիսի 21-ին։ 13.05.2021-թ. ժամը 12:30 րոպեին էլ, ըստ ՀԱՊԿ-ի, տեղի է ունեցել հիմնադիր համաժողովը։
ԿԸՀ-ն այսօր հրապարակել է ընտրությունների մասնակիցների ցուցակները, ներառյալ ՀԱՊԿ-ինը։
ՀԱՊ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է պատգամավորի 82 թեկնածուով։ Ինչպես իրենք են հայտարարում՝ կուսակցությունը ազգային գաղափարների իրագործման տեսլականով մտնում է պայքարի հանուն մեր ազգի եւ հայրենիքի, հանուն մեր պետականության ամրապնդման եւ գալիս են մաքուր խղճով և մաքուր ձեռքերով ։
ՀԱՊԿ վարչապետի թեկնածուն Արթուր Վալերիկի Վարդանյանն է, որը գլխավորում է նորաստեղծ կուսակցությունը։ Ցուցակում նրան հաջորդում է անհատ ձեռներեց, «Սիլվա Հովհաննիսյան» խանութի վաճառող Գոռ Մինասյանը։ Եռյակը եզրափակում է գիտաշխատող Մարիամ Մեծոյանը։
Ընդգրկված են նաեւ փականագործ, կահույքի վարպետ, հսկիչ վաճառողուհի, դիմահարդար, մարզիկ, ՀԿ նախագահ։ Պատգամավորի թեկնածուների մոտ կեսը գործազուրկ է կամ գոնե, ըստ ցուցակի, որեւէ տեղ չեն աշխատում։
Ի տարբերության կուսակցության՝ ղեկավար Արթուր Վարդանյանը շատ ավելի հայտնի է։
Նա Արցախյան պատերազմում զոհված, ՀՀ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Վալերիկ Վարդանյանի որդին է, երկար տարիներ ապրել է Իսպանիայում։
Արթուր Վարդանյանը 2015թ Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավարն է։ Ինը հոգանոց խումբը , եւ եւս 11 հոգի, մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու, բռնությամբ իշխանությունը զավթել ծրագրելու մեջ, «ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:
Ըստ մեղադրանքի՝ խումբը նախատեսել է հարձակումներ գործել պետական շենքերի վրա, խոցել ՀՀ նախագահի օդանավը։
Արթուր Վարդանյանը ազատության մեջ է 1 մլն դրամ գրավի դիմաց, երբ կալանավորումից չորս տարի անց՝ 2019թ-ին փոխվեց նրա խափանման միջոցը։
Այս գործով մեղադրվում են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։
Գործով դատավարությունը դեռ շարունակվում է, հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 4-ին։
Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Արթուր Վարդանյանի ֆեյսբուքյան էջից, վերջերս իր կուսակիցների հետ եղել է Սյունիքում, Գեղարքունիքում։ Մի գրառմամբ ՀԱՊԿ նախագահն այսպիսի համոզմունք է հայտնում․ «Ես չեմ պատրասվում կորցնել իմ հայրենիքը, իմ պետությունը, իմ ազատությունը և ոչ էլ իմ անկախությունը։ Եթե հայ ես, դու մենակ չես։ Մենք դուք եք, դուք մե՛նք ենք, իսկ բոլորս միասին մեկ հզոր ուժ ենք»։