Բացել լրահոսը Փակել լրահոսը
200198686_646374116293962_7704794378127045282_n
A A
Քաղաքականություն

Մեզ հաջողվելու է կերտել Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ։
Ուղերձը՝ ստորև
 
Այսօր մենք արժանին ենք մատուցում պետական-քաղաքական ականավոր գործիչ, իր հայրենիքի և ժողովրդի նվիրյալ զավակ, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի պայծառ հիշատակին՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ:
 
Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը՝ սկսած խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի անկախության համար ընդհատակյա պայքարից մինչև անկախացած Հայաստանում քաղաքական, պետական ակտիվ գործունեություն, արժանի են միայն խորին հարգանքի և գնահատանքի:
 
Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման երախտավորների փաղանգում: Իր պետական գործունեության շրջանին վերագրվող քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները, անկասկած, մեծապես պայմանավորված էին Անդրանիկ Մարգարյան մարդու կառավարչական հմտություններով, մարդկային բարձր որակներով, հավասարակշիռ և սթափ մտածողությամբ, համբերատարությամբ ու անսահման աշխատասիրությամբ:
 
Անդրանիկ Մարգարյան մարդուն և գործչին բոլորը հիշում են որպես պարկեշտ, լայնախոհ, բարի, համազգային նպատակներին անմնացորդ նվիրված հայորդի, որը կարողանում էր նաև հավասարակշռող և միավորող դեր կատարել երկրի քաղաքական դաշտում՝ մի բան, որի կարիքն այսօրվա պառակտված Հայաստանում ավելի քան զգացվում է։
 
Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մեր պետության և ժողովրդի համար այս ծանր ժամանակներում բոլոր առողջ ուժերի հետ միասին պատվով դուրս գալ փորձությունից և կերտել Անդրանիկ Մարգարյանի ու նրա գաղափարակից ընկերների, բոլոր արժանապատիվ հայորդիների երազած հզոր, ինքնիշխան, ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանը։ Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր, ով սիրվեց իր գործի, նվիրվածության, համեստության և լայնախոհության համար: