Բացել լրահոսը Փակել լրահոսը
Constantine_Orbelian
A A
Մշակույթ

Նոր նշանակումից հետո Կոնստանտին Օրբելյանը կմնա՞ Երեւանում

«Ա1+»-ի զրույցը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ,որն այս պահին ԱՄՆ-ում է։

 

- Պարոն Օրբելյան, երեք տարի դուք ղեկավարում եք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, սակայն այս կարճ ժամանակահատվածում կարողացաք հսկայական աշխատանք կատարել և գաղտնիք չէ, որ նախաձեռնությունների մեծ մասը իրականացավ Ձեր անձնական միջոցներով: Հիմա, երբ դուք առաջարկ եք ստացել Նյու Յորքի օպերային թատրոնից և շուտով ստանձնելու եք տնօրենի և գեղարվեստական ղեկավարի   պաշտոնը, ինչ ճակատագիր է սպասվում մեր թատրոնին: Արդյոք հնարավոր կլինի՞ համատեղել Ձեր գործունեությունը  և կշարունակեք ձեր հեղինակավոր անունը ի նպաստ մեր թատրոնի օգտագործել:

- Նախ, շնորհակալ եմ իմ գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքերի համար: Երբ հանձն առա ղեկավարել թատրոնը, խոստացա, որ կոլեկտիվի հետ միասին կանենք հնարավորը մեր թատրոնը համաշխարհային հեղինակավոր թատրոնների ընտանիքի մաս դարձնելու: Այս ուղղությամբ արվել է հսկայական աշխատանք, բայց անելիքները դեռ շատ շատ են:

Չեմ ցանկանում թաքցնել, որ ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, եթե չլինեին չինովնիկական ամբիցիաներն ու մեղմ ասած, անհեռատեսությունը, մենք կկարողանայինք առանց խոչընդոտների ի կատար ածել մեր ծրագրերը: Ինչևէ…

Ինչ վերաբերում է իմ նոր նշանակմանը, ապա համատեղության տարբերակը, իհարկե, կիրառում են աշխարհում, սակայն սա քննարկելու խնդիր է, դեռ կա ժամանակ քննարկելու և հասկանալու հետագա գործունեության մեխանիզմը: Մի բան հստակ կարող եմ ասել, անկախ թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, ես կշարունակեմ իմ հնարավորություններն ու կապերը ծառայեցնել ի նպաստ մեր թատրոնի:

-Մաեստրո, որո՞նք են Ձեր ղեկավարած տարիներին թատրոնի հիմնական ձեռքբերումները:

- Նախ այն, որ մենք կարողացանք հյուրախաղեր ունենալ Դուբայում և Քուվեյթում, Մոսկվայի Մեծ թատրոնում: Ունեցանք տաս պրեմիերա, հեղինակավոր անուն ունեցող տասնյակ համաշխարհային արտիստներ ներկայացան մեր բեմում: Կարողացանք իմ անձնական միջոցներով և նախաձեռնությամբ բարեփոխել թատրոնի տեխնիկական հնարավորությունները, ստեղծվեց նաև մեր մեծերի դիմանկարների ցուցադրությունը թատրոնի ճեմասրահում: Ներգրավեցինք հովանավորների, կարողացանք չնայած համավարակին, օնլայն հանրահռչակել թատրոնի գործունեությունը,  նախաձեռնեցինք նոր ու հավակնոտ ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, մասնավորապես Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը: Ամենակարևորը այն է, որ այսօր ունենք իսկապես տաղանդաշատ ստեղծագործական կոլեկտիվ և միասին կարող ենք անել անհնարինը:

- Դուք հարցազրույցների ժամանակ նշում էիք, որ կապված եք Հայաստանի հետ դեռ ուսանողական տարիներից: Պատկերացնու՞մ եք Ձեր հետագա գործունեությունն առանց հայրենիքի հետ կապի:

- Միշտ եմ կապված եղել Հայաստանի հետ, սակայն վերջին տարիներին ես այնքան ընկերներ ձեռք բերեցի, այնքան հարազատ մարդիկ, որ առանց նրանց հետ մշտական կապի այլևս անհնար կլինի: Բացի այդ, իմ գործունեությունը հայրենիքում ցանկանում եմ շարունակել, քանի որ այս թատրոնը ղեկավարելու իմ կարևոր նպատակն էր՝ այն դարձնել լավագույններից մեկը աշխարհում և այս գործընթացը պետք է շարունակել: Հուսով եմ, որ նոր խոչընդոտներ այս կարևոր  ճանապարհին չեն լինի: Ժամանակը ցույց կտա…

Մեր արտիստները, իրոք, շատ տաղանդավոր են, և մենք միասին կարող ենք մեծ հաջողություններ արձանագրել: Մենք կաշխատենք, կարևորը խանգարող հանգամանքներ, կամ խանգարողներ քիչ լինեն:

Զրուցեց Ռուզաննա Մկրտչյանը