«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումները և այս անգամ այն երիտասարդների հետ էր։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց ներքաղաքական իրավիճակի լարվածությունն ու նախընտրական քարոզարշավի ագրեսիվությունը։ Նրա խոսքով, երբ ընտրում էին «լրջանալու պահը» կարգախոսը, նկատի ունեին, որ պետք է լրջացնել անվտանգային հարցերի, բանակի հզորացման ու մնացած առաջնային հարցերի կարգավորումը, սակայն որքան խորանում է քարոզրշավը, այնքան տպավորություն է, որ լրջանալու պահը պետք է վերաբերի նաև ներքաղաքական գործընթացներին ու քարոզարշավին մասնակցողներին։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց՝ այսօրվա քարոզարշավը խենթանոց է, շքերթ խոստումների, իսկ հասարակ, թևաթափ մարդիկ էլ լավ խոսքեր են ուզում լսել, հույս են ուզում. «Սա ընտրություն չէ, սիրելինե՛րս, մեր պետականության հարցն է դրված։ Աստված չանի այս ընտրությունները չավարտվեն կամ ավարտվեն բախումներով։ Մենք շանս ենք տալու հակառակորդներին՝ Հայաստանի սահմանները փոքրացնել։ Էլ չեմ ասում՝ կարող է գտնվեն մարդիկ, որ մեզ խնամակալեն, որպես երկիր, որ չի կարողանում իր հարցերը լուծել, գան տիրություն անեն։ «Լրջանալու պահը» կոչ չէ, իդեալոգիա է, գաղափարախոսություն է»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ որդուն գերիների հետ փոխանակելու հայտարարությունը Լևոն Զուրաբյանը համարեց ներքին սպառման համար էժանագին հնարք։
«Թեև մեր գլխավոր ուղերձը վերաբերում է պատմությանը, անվտանգությանը, մեր հետագա քաղաքականությանը, բայց մենք կուզեինք, որ դուք հարցեր բարձրացնեիք այլ խնդիրների շուրջ և այս հանդիպումը լինի ավելի անկաշկանդ շրջանակում», - ասաց Լևոն Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանն առաջարկեց ներկաների հետ հարց ու պատասխանի միջոցով բարձրաձայնել երիտասարդներին հուզող հարցերն ու տալ դրանց պատասխաններ։ Հարց հնչեց, թե ինչպես է ՀԱԿ-ը պատկերացնում դատական համակարգի բարեփոխումները։ Զուրաբյանը պատասխանեց, որ հեղափոխությունից հետո խոստացել էին նոր բացահայտումներ, մաֆիային «պառկացնեին գետնին», սակայն գործն առաջ չգնաց։
«Հանցագործությունները բացահայտելու պարզ մեխանիզմ կա, մի ձևը ծեծել այնքան, մինչև մարդը բացի բոլոր գաղտնիքները, մյուս ձևը ընդունված է դեմոկրատական հասարակություններում, երբ մեղադրյալն ընդունում է իր մեղքը սեփական կամքով, երբ իրավապահ մարմինները նրան ասում են՝ եթե դու բացես, թե ով է կանգնած հանցագործության հետևում, ով է մաֆիայի ղեկավարը, քո պատիժը կթեթևանա»։
Այսօրվա դատական համակարգը, նրա խոսքով, շատ ծանրաբեռնված վիճակում է։ Պետք են ինստիտուցիոնալ ռեֆորմներ՝ դատարանները բաժանել երկու օղակի՝ ծանր գործերի դատարաններ և ոչ ծանր գործերի դատարաններ.
«Դա շատ մեծ բեռ կթոթափի դատավորների ուսերից։ Ծանր գործեր քննող դատարանները չեն մտնի մանր-մունր գործերի մեջ, իսկ ոչ ծանր գործերի դատարանները թույլ կտան անփորձ դատավորներին այդտեղ կայանալ ու անցում կատարել դեպի մյուս օղակ։ Սա նույնպես մեր առաջարկված կարևոր ռեֆորմներից է»։
Հարց հնչեց նաև երեխաների և կանանց հանդեպ բռնությունը դատապարտող «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունման մասին, որը խոստանում էին իրականացնել այս իշխանությունները, սակայն այդպես էլ մնաց օդում կախված, քանի որ հասարակությունը վերջնականապես տեղյակ չէր դրանից ու դեմ էր, Նիկոլ Փաշինյանն էլ չցանկացավ դեմ գնալ հասարակական կարծիքին։
Զուրաբյանը պատասխանեց, որ պոպուլիզմին դեմ գնացող առաջին քաղաքական ուժն իրենք են ու ունեցել են այդպիսի փորձ, երբ ասել են մարդկանց ոչ այն, ինչ նրանք ցանկացել են լսել, ասել են ճշմարտությունն ու տուժել են դրանից։ Բայց նրանք շարունակելու են նման ռեֆորմները։
Կրթության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց, որ կրթության ոլորտում այժմ կոլապսային վիճակ է։ Այսօրվա բուհերում մրցակցություն չկա, ով դպրոցը 3-ով ավարտում է, գնում է բուհ, դառնում իրավաբան, բժիշկ և այլն։
«Մեր գիտնականների թիվը 4 անգամ պակաս է մեր նման երկրների գիտնականների թվից։ Մեր գիտնականների միջին տարիքը 65 է։ Ծերացող, ծերացած գիտություն։ Բայց այնպես չէ, որ անելիք ու լուծում չկա», - ասաց Արամ Մանուկյանը։