Բացել լրահոսը Փակել լրահոսը
119680101_935172423660241_6868484949816988432_n
A A
Հասարակություն

2020 թվականին կատարվել են 2172 հեկտար անտառվերականգնման աշխատանքներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները, որոնք կատարվել են 2020-2021 թթ.:

«2021 թվականի մայիսի 9-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 16 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձր է 28 սմ-ով։ Կանխատեսվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին կգրանցվի վերջին 60 տարիների ամենաբարձր մակարդակը՝ 6-11 սմ-ով ավելի, քան գրանցվել է 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

2020 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 210.196 մլն խմ, որն ամենամեծ ծավալն է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում։ Սևանա լճից բաց թողնված ջրի քանակի տարեկան ամենափոքր քանակը եղել է 2019 թվականին՝ 143.857 մլն խմ, որը լճից բաց թողնված ջրի ամենափոքր ծավալն է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում։
 
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործման նպատակով 2020 թվականի ընթացքում Սևանա լճում սահմանել ենք 300 տոննա սիգի արդյունագործական որսի չափաքանակ և ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ՝ նպատակ ունենալով արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Այս ծրագրի շրջանակում արգելել ենք Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից, իսկ սիգ ձկնատեսակի որսն այսուհետ իրականացվում է Սևանա լճի ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
 
Պետության և ձկնորսների միջև հաստատված համագործակցության և փոխվստահության տրամաբանությամբ Սևանա լճում արդյունագործական նպատակներով սիգի որս իրականացնելու համար 2020 թվականի օգոստոսի 10-ից շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել է 255 պայմանգիր, որի արդյունքում 205 տոննա սիգի որս է իրականացվել:
 
2021 թվականին նախաձեռնել ենք սիգի արդյունագործական որսի 2-րդ փուլը և սահմանել ենք Սևանա լճում 250 տոննա արդյունագործական նպատակներով սիգի որսի չափաքանակ: Հսկողության գործիքակազմը ուժեղացնելու նպատակով 2020 թվականի օգոստոս ամսից ստեղծել ենք շուրջօրյա առափնյա և վերջրյա պահպանության բաժին՝ 25 աշխատակցով։
 
Իրականացրել ենք մինչև 1905.0 բացարձակ նիշն ընկած հատվածում ինքնակամ և ապօրինի կառուցված տարբեր տնտեսվարողներին պատկանող շուրջ 3 տասնյակ շենք-շինության, կցակառույցների, պարիսպների և տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ:
 
Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության նպատակով Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 640,000 գեղարքունի և 41,000 ամառային իշխան ձկնատեսակներ։
 
2020 թվականին հանրապետության բարձրադիր գոտիներում, ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով, իրականացրել ենք գետերի ափապաշտպան շերտի ստեղծման աշխատանքներ: Ծրագիրն ընդգրկել է 7 մարզ՝ 1063 տեղի բնակիչների ներգրավմամբ, տնկվել է 1,999,357 կտրոն:
 
10 մլն ծառատունկի նախաձեռնության շրջանակում մարզերում առանձնացվել են անտառապատման համար նպաստավոր շուրջ 3,000 հեկտար տարածք։
 
2020 թվականին կատարվել են 2172 հեկտար անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ:
Միայն 2020 թվականին անտառամերձ բնակչությանն անվճար տրամադրվել է 71,830 պահեստային խմ թափուկ վառելափայտ:
 
Արարատի և Արմավիրի մարզերում իրականացրել ենք 10 խորքային հորի լուծարման և 47-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել շուրջ 50 խորքային հոր։ Խնայվել է 4500 լ/վրկ ջրաքանակ: Ձևակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի և արդյունաբերական նպատակով։ Մինչ օրս 152 փոքր ՀԷԿ-երից 111-ում արդեն իսկ տեղադրվել և կնքվել է 145 առցանց ջրաչափ:
 
Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են այն գետերի ցանկը հաստատելու իրավական հիմքերը, որոնց վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը:
 
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2022 թվականից արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և իրացումը:
 
2017 թվականի համեմատությամբ՝ Հայաստան փայտածուխի ներկրումն աճել է 500 և ավելի տոկոսով: 128% աճել է շինափայտի ներկրումը: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը: