Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Գոմեշի ճանապարհը գծել ենք, որ գնա հասնի նպատակին․ Նարինե Գրիգորյան (տեսանյութ)

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն-թանգարանում, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը ներկայացրեց  Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի բեմադրությունը

««Գոմեշի» պրեմիերան, որի և բեմադրիչը և դերակատարը Նարինե Գրիգորյանն է, կայացել էր դեռ նախորդ տարվա փառատոնին, սակայն համավարակով պայմանավորված, որպես բացօթյա ներկայացում՝ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում։ Իսկ այս տարի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում է խաղում։ Եվ ասեմ, որ ընկալումը բոլորովին այլ է, բայց ամեն մեկը՝ յուրովի հետաքրքիր։ 

«Գոմեշ» ներկայացման ձևավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանը։

Ի դեպ, սա ընդհանրապես կենտրոնի բեմում կայացած առաջին ներկայացումն է»,- ասաց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։  Նա ընդգծեց, որ այս տարի «Արմմոնո» փառատոնի ուշադրության կենտրոնում հայ հեղինակների գործերն են, մարզային թատրոնները, ինչպես նաև հարթակ  են տրամադրել երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին:

Նարինե Գրիգորյանի խոսքով, Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» ձոն է բնությանը։ 

«Այն, ինչ մենք կորցրել ենք, չենք զգում արդեն։ Շատ ավելի արհեստական ենք դառնում և որքան համացանցը զարգանում է, այնքան ավելի ենք հայտնվում «սարդոստայնում»»,- ասում է Նարինեն, - Երբ բացվեն աշխարհի դռները ներկայացնելու ենք փառատոններին։ «Գոմեշի ճանապարհը գծել ենք, որ գնա, հասնի իր նպատակին», - ժպիտով իր խոսքն ավարտեց դերասանուհին։

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը կշարունակվի մինչև  հունիսի 15-ը։ Ներկայացումներ կանցկացվեն Երևանում, Գյումրիում և Արտաշատում։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը տարիների ընթացքում Հայաստանում ձևավորել ու զարգացրել է «մեկ դերասանի թատրոնը» և տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ։