Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Հասարակություն

Թյուրիմացություն, որն արժեցավ ինքնաթիռի երկու տոմս կամ կես միլիոն դրամ

Գավառի բնակիչ Էդգար Այվազյանն անակնկալի է եկել, երբ նրան «Զվարթնոց» օդանավակայանում, գրանցումն անցնելուց հետ, թույլ չեն տվել նստել ինքնաթիռ, ընդ որում՝ երկու անգամ։  Կինը ստիպված մեկնել է Սամարա առանց ամուսնու։

«Ինձ ասում են` քեզնով ոստիկանները կզբաղվեն, գալիս տանում, փակում են օդանավակայանի բաժնում, հարցնում եմ` ինչի՞ համար, ասում են` հետախուզման մեջ ես գտնվում, ես էլ ասում եմ, որ հաստատ թյուրիմացություն է, թողեք` գնամ, չուշանամ»,-«Ա1+»-ին պատմեց Էդգար Այվազյանը։

Քիչ անց պարզվում է՝  իրոք, թյուրիմացություն է, բայց ինքնաթիռն արդեն մեկնել էր։

«Ասացին՝ Շենգավիթի քննչական բաժնից քննիչ Ս. Մելքումյանն էր փակել թռիչքը ինձ համար: Օդանավակայանից գնում եմ քննչական, ասում եմ` քննիչ ջան, ես ուր, դու ուր, ես քեզ չեմ ճանաչում, դու ինձ չես ճանաչում: Ասում եմ` ես դուրսն եմ մնացել, քաղաքին ծանոթ չեմ, ո՞նց եմ տուն հասնելու, ծախսերն իմ վզո՞վ են մնալու, քննիչն ասում է` հա, հարցնում եմ` ինչի՞ համար թույլ չեք տվել, պատասխանում է` քո անուն -ազգանունով մեկն էլ կա, որ հետախուզման մեջ է գտնվում, սխալմամբ քեզ են կանգնեցրել», - պատմում է Էդգար Այվազյանը:

Երեկ՝  հունիսի 4 -ին, նա վերցնում է ճամպրուկն ու վերադառնում Գավառ, տոմս գնում արդեն այսօրվա համար։ Լուսաբացին  կրկին Գավառից հասնում է  «Զվարթնոց» օդանավակայան, ու․․․ կրկին նույն պատմությունը։

«Զանգում եմ նորից քննիչին, ասում եմ` քննիչ ջան, երեկ ես քեզ մարդավարի ասեցի, որ մենք իրար չենք ճանաչում, հետախուզման մեջ չեմ, ծախսերն էլ իմ վրա են մնում, էսօր ինչի՞ չես բացում իմ համար ճանապարհը, գնամ աշխատեմ, վարկ եմ վերցրել էդ ճանապարհի համար, ո՞նց պետք է փակեմ, ասում է` ինչի՞ ես ինձ զանգում, քնից հանում ժամը 5-ին»,- ներկայացնում է Էդգար Այվազյանը։

Նա ոստիկանություն է դիմել, սակայն, իր խոսքերով,  որեւէ  մեկը  չի պատրաստվում թյուրիմացության համար պատասխանատվություն կրել: Մինչդեռ ինքը կես միլիոն դրամի վնաս է կրել։

Թեև քննիչը նրան հայտնել է, որ երկուշաբթի օրվանից նա ազատ կարող է մեկնել, Էդգար Այվազյանը նշում է՝  երրորդ անգամ տոմս գնելու  եւ ընտանիքին հասնելու հնարավորություն չունի։