Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պետք է հնարավորը անենք, որ մեր ինքնությունը պահպանենք՝ հասկանալով, որ ծանր իրավիճակում ենք (տեսանյութ)

Վաղը՝ հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կմեկնարկի հանճարեղ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը։

Այս տարի այն կանցկացվի դիրիժորական մասնագիտությամբ և կմասնակցեն 18-ից 36 տարեկան 20 դիրիժոր։ Ի դեպ, դիրիժորների  մրցույթներ աշխարհում շատ չեն անցկացվում։

«Երևանն ինչ-որ ձգող հատկություն ունի, որ չնայած համավարակին, երաժիշտները ճանապարհներ են գտնում մասնակցելու Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթին։ Մենք հասկանալով, որ ծանր իրավիճակում ենք, միևնույն է պետք է ամեն հնարավորը անենք, որ մեր ինքնությունը պահպանենք։ Իսկ երաժշտարվեստի լեզուն այն լեզուն է, որով կարելի է շփվել առանց թարգմանության և, որ ամենակարևորն է, ինչպես հավասարը հավասարի հետ, որն այսօր անչափ կարևոր է մեզ համար»,- ասաց մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Նա նաև ընդգծեց, որ այս տարիներին, ինչ անցկացնում են մրցույթը, 2600 անգամ կատարվել են Արամ Խաչատրյանի ջութակի, դաշնամուրի կոնցերտները, թավջութակի ռապսոդիան։ Իսկ սա նշանակում է, որ աշխարհում այդքան երաժիշտ հետագայում ևս իրենց ծրագրում կնդգրկեն և աշխարհի լավագույն բեմերից կհնչեցնեն մեր հանճարի այս գործերը։

Արմեն Սմբատյանը հիշեց նաև, որ երբ հանրաճանաչ դաշնակահար Բորիս Բերեզովսկուն հարցրել է, թե տարեկան, մոտավոր քանի անգամ է կատարում Արամ Խաչատրյանի կոնցերտը, վերջինս պատասխանել է, որ այդ տարի արդեն 25 անգամ, քանի որ ամենաշատ ծափահարություններ ստանում է այս գործը կատարելուց։

«Այսինքն առողջ արևելքը, որ կա այս երաժշտության մեջ, մեծ ազդեցություն ունի թե՛ ճապոնացու, թե՛ շվեդի, թե՛ ամերիկացու վրա», - եզրահանգեց պարոն Սմբատյանը։

Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ Պավել Կոգանը, Միխայիլ Յուրովսկին, Փիթեր Քլարկը, Հարոլդ  Քլարկսոնը և այլոք, իսկ ժյուրիի նախագահը՝ Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն է։

«Արամ Խաչատրյանը մեր ազգային հպարտությունն է։ Քիչ առիթներ ունենք հպարտանալու, իսկ նրա անունը հավերժական է, նրա գրած ամեն նոտան՝ անմահություն է։ Չկա մի ազգ, որ չգնահատի, չսիրի և չհիանա Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և այս մրցույթը կարևոր առիթ է մեզ համար։ Մրցույթ, որը նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլև աշխարհի համար»,- ասաց մաեստրոն։

Ինչ վերաբերում է մրցույթի մասնակիցներին, ապա պարոն Չեքիջյանի խոսքով՝ ընտրությունը դժվար է լինելու, քանի որ, ըստ նախնական ծանոթության, բավական ուժեղ կազմ է ընդգրկված։