Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Հասարակություն

Վարորդին հիմա էլ կարող են շանտաժ անել՝ խախտումներն արձանագրող հավելվածը ռիսկը չի մեծացնում․ Սերգեյ Ղահրամանյան

Ազգին դարձնում են «գործ տվող»՝ այս կարծիքն ամենաշատն է հանդիպում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային նոր հավելվածի մասին տեսակետներում։ Հուլիսի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան հավելվածով ֆիքսել խախտումներն ու դրանք ուղարկել Ճանապարհային ոստիկանություն։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ և հիմա էլ շատ քաղաքացիներ նկարահանում են խախտումներն ու ուղարկում են  ՃՈ կամ տեղադրում են ֆեյսբուքյան տարբեր խմբերում։ Նրա խոսքով՝ այս հավելվածը նախևառաջ կարևոր է հենց վարորդների համար, քանի որ ապահովվում է նրանց անձնական տվյալների գաղտնիությունը․ «Հավելվածը նկարահանում է ուղիղ եթերի ֆորմատով, և իրավական կարգավորումները թույլ չեն տալիս տեսանյութը ներբեռնել հավելվածից սմարթֆոնի մեջ և հակառակը՝ այսինքն բացառվում է նաև տեսանյութը մոնտաժելն ու հավելվածով ուղարկելը։ Նաև նշված ժամանակում չուղարկելու դեպքում տեսանյութը կամ լուսանկարները ջնջվում են»։

Բջջային հավելվածի գործարկումը չի ենթադրում, որ տանից դուրս գալիս բոլորը պետք է միացրած պահեն տեսախցիկներն ու նկարահանեն բոլոր խախտումները՝ նշում է Սերգեյ Ղահրամանյանը․ դա գործնականում անհնար է։ Հավելվածի «թիրախում» հիմնականում հանրային մեծ վնասակարություն ունեցող խախտումներն են․ «Օրինակ, հատկապես պատերազմից հետո շատ հաշմանդամություն ունեցող  տղաներ ունենք ու հանրության լիարժեք անդամ լինելու համար պետք է չխոչընդոտել նրանց ազատ տեղաշարժը։ Իսկ վարորդները գնում, կանգնում են թեքահարթակների, հետիոտնային անցումների վրա․ հենց այդ խախտումները հիմնականում պետք է ֆիքսել»։

Վարորդներին անհանգստացնող հարցերից մեկն էլ խախտում անող անձին շանտաժի ենթարկելն էր, սակայն, Ղահրամանյանի խոսքով, այսօր էլ մարդը կարող է նկարել վարորդին, օրինակ, կարմիր լույսի տակով անցնելիս ու 25 հազար դրամի փոխարեն պահանջել 15-ը՝ տեսանյութը ջնջելու պայմանով, ինչը հավելվածի լինել-չլինելու հետ առնչություն չի կարող ունենալ։

«Հավելվածով են նաև ֆիքսվելու տեղագրությունը՝ հստակ փողոցներն ու վայրերը։ Հավելվածի առավելությունը նաև այն է, որ եթե տվյալ վայրում կա ՃՈ տեսախցիկ և այդ տեսանյութի կոորդինատները կհամընկնեն տեսախցիկի տեղադրման վայրի հետ, կբացառվի կրկնակի տուգանքը։ Այսինքն, տուգանքը կֆիքսվի միայն ՃՈ տեսախցիկի տեսանյութի հիման վրա»,-ասաց նա։

Վերադառնալով՝ «գործ տալու» մտահոգություններին, Ղահրամանյանը օրինակ բերեց, որ եթե անգամ հենց խախտում անող վարորդն իր ընկերոջ մոտ կամ սոցիալական կայքերում բողոքում է ճանապարհների կահավորումից, նշանների բացակայությունից, դա նույնպես «գործ տալ է»․ «Նա բողոքում է տվյալ իրավիճակից և նաև «գործ է տալիս», որ գուցե ավելի վերադաս մարմինը նկատի դա ու այդ նշանը այդտեղ չլինելու համար պատասխանատվության ենթարկի, օրինակ, ՃՈ աշխատակցի։ Նույն սկզբունքով կարելի է ասել, որ ցանկացած անարդարության բարձրաձայնում «գործ տալ է»»։

Հավելվածի ընդդիմախոսները նաև նշում են, որ մարդիկ կսկսեն հետապնդել իրար, ու մեկ մարդը անընդհատ կնկարահանի մյուսի խախտումներն ու կհետևի նրան։ Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ եթե մարդիկ մանրամասն կարդան հավելվածի կանոնադրությունը, կտեսնեն, որ մեկ մարդը նույն մեքենան ամսական 3, տարեկան 10 անգամ կարող է նկարահանել։

«Շատ կտրուկ մեխանիզմներ կան նաև, այսպես ասած, «շառ անելու» հետ կապված։ Այսինքն, եթե դու մի քանի անգամ տեսանյութ ես ներբեռնում, որտեղ խախտում չկա, քեզ ժամանակավորապես սև ցուցակ է գցում հավելվածն ու հասկացնում, որ անիմաստ պետք չէ այդ ռեսուրսը վատնել և սերվերները ծանրաբեռնել», - ասաց Սերգեյ Ղահրամանյանը։

Կա վտանգ, որ վարորդը կտեսնի իրեն նկարողին ու վեճ կառաջանա։ Եթե վեճ լինի, նրա խոսքով, իրավական առումով քաղաքացիները հավասար կլինեն և պետք է գիտակցեն, որ հավասարապես պատասխանատվության են ենթարկելու։

Շատերը բողոքում են, թե ինչի՞ համար է ՃՈ-ն, եթե պետք է մարդիկ խախտումները պիտի նկարեն։ Ղահրամանյանը հակադարձում է, որ նույն սկզբունքով կարելի է ասել՝ ինչի՞ համար են արագաչափ կամ մնացած տեսախցիկները, երբ կա ՃՈ․ «Օրինակ, 2007թ․-ին, երբ նոր էր ստեղծվել ներկայիս շարժակազմով ՃՈ-ն, Հայաստանում մոտ 200-250 հազար տրանսպորտային միջոց կար։ Ներկայումս թիվը 600 հազարից անցել է, իսկ ճանապարհային ոստիկանների թիվը չի ավելացել։ Վերջին 4-5 տարիների մեջ տարեկան մոտ 2 մլն արձանագրություն է կազմվում, որից 300 հազարը ՃՈ-ն է կազմում, 1 մլն 700 հազարը՝ տեսախցիկները։ Եվ խախտում անող վարորդներն ավելի շատ վախենում են տեսախցիկներից, քան ՃՈ տեսուչներից»։

Ի վերջո, կարո՞ղ է հավելվածը դրականորեն ազդել երթևեկության վրա, Սերգեյ Ղահրամանյանը նշում է, որ եթե այն գործարկվեր 2019թ․-ին, փոփոխություններն ավելի զգալի կլինեին, քան հիմա․ «Պատճառը հետպատերազմյան իրավիճակն է։ Պատերազմից հետո ամեն ամիս վթարներից զոհերի թվերն ավելանում են մյուս տարիների համեմատությամբ։ Շատ փորձագետներ նշում են, որ մարդիկ ավելի լարված են վարում, հոգեբանական վիճակը ծանր է։ Դեկտեմբերին ունեցել ենք 51 զոհ, որ ոչ մի տարի նման թիվ չի եղել»։

Նշենք, որ բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։