Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդամենը մեկ պարկուճ․ դեռեւս չի հրապարակվում Երեւանի կենտրոնում սպանվածի անունը (տեսանյութ)

Մի քանի ժամ Երևանի Աբովյան փողոցում արտակարգ իրավիճակ էր՝ ոստիկաններ, լրագրողներ, խցանումներ։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տղամարդ էին սպանել՝ հրազենային կրակոցով։

Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել սպանության մասին։

Դեպքի վայր էին ժամանել Քննչական կոմիտեի և Ոստիկանության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝  ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, որ դեպքի վայրից հեռանալիս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին՝  նշելով, որ ոստիկանությունն ավելի ուշ ամեն ինչ կհրապարակի․  «Թողեք մեր աշխատանքն անենք», - ասաց նա։

Դեպքի վայրից հեռացրել էին բոլոր ականատեսներին, սակայն բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքված, անգամ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց երեխաների խմբեր կային, որոնք, ամենայն հավանականությամբ, կինոթատրոն էին եկել։

Սպանվածի մարմինը երկար ժամանակ դեռ դեպքի վայրում էր, փորձագետներն այն հետազոտում ու քննություն էին իրականացնում։ Սպանվածի ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Դեպքի վայրում կային երկու Toyota Land Cruiser ռուսական համարանիշներով զրահապատ մեքենաներ, որոնցից մեկը պատկանում էր սպանվածին։

Հայաստանի քննչական կոմիտեից «Ա1+»-ին հայտնեցին, որ սպանվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ, թեեւ մամուլը մի քանի անուններ է հրապարակել։

Դեպքի վայրում մեկ պարկուճ է հայտնաբերվել․ ենթադրվում է՝ նպատակաուղղված սպանել են հենց տվյալ անձին մեկ կրակոցով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104․1 հոդվածով՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, և 235․1 հոդվածով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: