Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց․ 18 օր առաջ (տեսանյութ)

Հարգելի ընթերցողներ։

Ընտրություններին մնացել է 18 օր։

Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։ 

 ԱԺ ընտրություններից 18 օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։

Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․

--------

«Փաստ» գործակալության տեղեկություններով` պատգամավորության մի շարք թեկնածուներ իրենց տեղերը վաճառում են այլ թեկնածուների:  «Առանձին թաղամասերի հայտնի ու անհայտ դեմքերը ներկայացրել են իրենց թեկնածությունը` ունենալով որոշակի նպատակներ` գրանցվել և վաճառվել»:

1999-ի քարոզարշավի ընթացքում դատարանը օպտիմալացրել էր Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի ընտրատարածքները եւ դրանք դարձրել մեկ ընտրատարածք: ԿԸՀ-ն դա հաստատել էր: Փարպեցիները դժգոհ են, որի համար գյուղից հասել էին ԿԸՀ: Ըստ նրանց,  իշխանությունները ընտրատարածքներն օպտիմալացնում են իրենց թեկնածուի համար: Քարոզարշավի 12-րդ օրը Կենտրոն համայնքում դեռ չեն որոշել, թե որտեղ պետք է փակցվեն քարոզչապաստառները: Անկատար են նաեւ ընտրացուցակները: Իսկ ընտրական տեղամասերի ձեւավորման համար ԿԸՀ-ն որոշում է յուրաքանչյուր տեղամասի համար հատկացնել 10 հազար դրամ, մինչդեռ համայնքներն ասում են, որ ընտրատարածքը մատնանշող պաստառն արժե 12 հազար դրամ:

«Օրինաց երկիրն» Էջմիածնում է: Արթուր Բաղդասարյանը կարեւորում է ազատ եւ արդար ընտրությունները եւ վստահեցնում, որ օրենքը պետք է պաշտպանի սովորական քաղաքացուն: Իսկ քաղաքացին ասում է՝ պետությունը լքել է մեզ: 2003-ի քարոզարշավի 13-րդ օրը Ստեփանավանում գտնվող «Արդարություն» դաշինքի առաջնորդների հետ հանդիպումը չափազանց զգացմունքային է: Գյուղացիները նրանց տեղեկացնում են իշխանությունների բոլոր բացթողումների մասին՝ աշխատատեղի բացակայություն, արտագաղթ, իրավունքների բացակայություն:

2007-ի քարոզարշավի այս օրը համընկնում է Հայոց ցեղասպանության տարելիցի հետ: Ընտրությունների ֆավորիտներից մեկը՝ Բարգավաճ Հայաստանը, հայտարարում է, որ ինքը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն առանց նախապայմանների:

2007-ի քարոզարշավի մասնակիցներից է «Ազգային Համաձայնություն» կուսակցությունը: Արամ Հարությունյանն ավետում է, որ ռիսկի է գնում ընտրություններին մասնակցելով դաշինքով եւ հավակնելով 7 տոկոսի: Նա սակայն խոստովանում է, թե ինչ խնդիրների առջեւ է կանգնելու։ 2012-ի քարոզարշավի սկզբին ձեւավորված ընդդիմության միասնական շտաբը ընթացքում որբանում է: Շտաբի աշխատանքներին հրաժարվում է մասնակցել «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, որ Հակոբյանը միայնակ է բացակայելու շտաբից, բայց ամեն ինչ կորած չէ։ Քարոզարշավի այս օրերին «Չենք լռելու» շարժումը համացանցում հրապարակում է «Հանրապետականի» համամասնական ցուցակում հայտնված նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի արտահայտությունները Սերժ Սարգսյանի մասին: Պարոն Գեղամյանը գործող եւ երկրորդ նախագահներին մեղադրում է ընտրություններում կատարած բազմաթիվ կեղծիքների մեջ։

Համացանցում մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ընտրողների առջեւ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զինված ներկայանալը: Մի քանի օր տարբեր ԲՀԿ-ականներ ասում էին, որ Ծառուկյանի տաբատի մեջ խցկածը ոչ թե ատրճանակ է, այլ՝ «Վերտու» հեռախոս: Միայն ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանն է ասում, որ դա ատրճանակ է։