Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
A A
Պաշտոնական

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։

Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։

Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։ 

Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Արտակ Բեգլարյանը 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ 2014-2015 թվականներին դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, որպես «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս։ 2015-2017 թվականներին նույն համալսարանի «քաղաքական իմիջ» առարկայի դասախոսն էր։ 2013 -2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր։ 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական։ 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել է, որպես ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան: 2020թ-ի դեկտեմբերին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակզմի ղեկավար: