Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես մաքրեցին գետաձիու ատամները (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու միակ գետաձին 13-ամյա Թայֆունն է։ Չնայած անվանը, նրան խնամող Գառնիկ Մխիթարյանն ասում է՝ բավականին հանգիստ է, թեև գետաձիերն առհասարակ ագրեսիվ են լինում։

Հունիսի 1-ին փոքրիկ հյուրերի համար Թայֆունի կերակրումն ու ատամների լվացումը փոքր ներկայացման էին վերածել։

Գառնիկն ասում է, որ ամեն կերակրումից հետո նրա ատամները պարտադիր լվանում են.

«Իր բերանի խոռոչում կերակրի մնացորդներ են մնում, չի կարողանում մաքրել։ Բնության մեջ ինքը բացում է բերանը, թռչուններն են մաքրում, այստեղ չի կարողանում, մենք ենք անում»։

Թայֆունը համբերատարությամբ գալիս է, բացում բերանն ու սպասում, թե երբ է Գառնիկը ջրով լվանալու ատամներն ու մաքրելու կերակրի մնացորդները։

Հունիսի մեկին, ինչպես բոլոր տարիներին այս օրը, կենդանաբանական այգում ակտիվությունը մեծ էր։ Դեռ այգու մուտքի մոտից լսվում էին երաժշտության ու երեխաների ձայները։

Կենդանաբանական այգու աշխատակից Վալյա Մարգարյանը նշեց, որ 17:00-ի սահմաններում արդեն հասցրել էին ընդունել 3000 այցելուի և թիվը աճում է նաև օրվա վերջում։