Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ խոտածածկ տարածքում
A A
Հասարակություն

ԱԻ նախարարի պաշտոնակատարն առաջարկում է հրդեհները կանխարգելելու համար ԱԹՍ-ներ կիրառել

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է մայիս ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Մայիսի 1-31-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 48.527 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 842-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 514 ահազանգ, որից 502-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին: ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 805 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 340-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 219), իսկ 350-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 314): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են նաև օձերի խայթոցների դեպքերը:

Կապված հանգստյան սեզոնի բացման հետ, որի հետևանքով խոտածածկ տարածքներում ավելանում են հրդեհների թիվը՝ նախարարի պաշտոնակատար Ա. Փիլոյանն առաջարկել է շեշտը դնել կանխարգելիչ գործողությունների վրա և իրազեկման նպատակով այդ տարածքներում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Հանձնարարվել է այդ ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ մշակել: Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հանձնարարել է իրականացնել տարածքների ախտահանման աշխատանքներ և ակտիվացնել անձնակազմի շրջանում պատվաստումները: Մայիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Կոչումներ են շնորհվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7 աշխատակցի. փ/ծ փոխգնդապետներ Արման Վանիկի Կարապետյանին և Վիգեն Դավիթի Մկրտչյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, փ/ծ ենթասպա Տաթևիկ Ռոբերտի Խուրշուդյանին, փ/ծ ավագ Աշոտ Ռոբերտի Արշակյանին, Կարեն Արտաշի Ավետիսյանին, ավագ սերժանտ Հայրապետ Սենիկի Հարությունյանին, քաղաքացի Էլեն Հմայակի Չաթալյանին՝ փ/ծ լեյտենանտի կոչումներ: Զորիկ Կարենի Պողոսյանը (Լոռու ՄՓՎ), Սերյոժա Ռոբերտի Գևորգյանը (Արմավիրի ՄՓՎ) և Արմեն Գեղամի Գևորգյանն (Արմավիրի ՄՓՎ) արժանացել են «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի: