Դեմ եմ ՀՀ տարածքով միջանցք տալուն․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի նիստում ընդհանրապես խոսակցություն չի եղել ԱԳ նախարար Արա Այվազյանի վերաբերյալ, և ես զարմացած էի, որ իմացա՝ ԱԳ նախարարը հրաժարական է տվել։ Այս մասին այսօր ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ցանկացած այլ նախարարի հրաժարական երկիրը դնելու է շատ բարդ վիճակում։ Դժվար չէ երկրի շահը ներկայացնել ևս երեք շաբաթ, այնուհետև ընտրություններից հետո նոր նշանակումներ կլինեն»,-ասաց պատգամավորը։
Մարուքյանի խոսքով՝ այսօր Հայաստանը ՊՆ-ից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության։ Ըստ Մարուքյանի՝ եթե կար ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելու խնդիր և նախարարը համաձայն չէր, պետք է մնար և կռիվ տար, այլ ոչ թե հրաժարական տար։
Ինչ վերաբերում է դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկին, Մարուքյանն ասում է․ «Ես չեմ տեսել, որ որևէ երկիր հայտարարի, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել, նաև Ադրբեջանի արձագանքը չեմ տեսել»։
Մարուքյանն ասաց՝ որևէ տեղեկություն չունի Ադրբեջանի նախագահի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունից, բայց դեմ է ՀՀ տարածքում որևէ միջանցք տալուն։ Դիտորդներ տեղակայելու առաջարկը, ըստ Մարուքյանի, լարվածությունը թուլացնելու համար է, բայց դրանով խնդիրը չի լուծվում։
Նա նաև նշեց, որ վտանգներ չի տեսնում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե 60 տոկոս ձայն պետք է հավաքեն, Մարուքյանն ասաց՝ այդ քննարկումների և այդ ժանրի մեջ չեն մտնում, միայն ակնկալում են ժողովրդի քվեն երկրում համերաշխություն է հաստատելու․ «Թող մարդիկ որոշեն։ Մենք հնարավորություն են ստեղծել, որ գնան քվեարկեն»։