Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+grigoryan
A A
Սպորտ

Ինչպես 8 օրում դառնալ չեմպիոն. «Ալաշկերտի» գլխավոր մարզչի խոստովանությունը

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը չնայած 8 օր առաջ է նշանակվել այդ պաշտոնում, սակայն այսօր թիմի հետ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Չեմպիոնական խաղից հետո ռուսաստանցի հայ մասնագետը փոքրիկ հարցազրույց տվեց «Ա1+»-ի թղթակցին:

 

- Պարոն Գրիգորյան, կարելի է ասել «նավից անմիջապես հայտնվեցիք պարահանդեսում»:

- Ես այդպես չեմ կարծում, քանի որ մեկ և երեք ամիս աշխատել եմ Հայաստանում, ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» հետ բազմաթիվ խաղեր եմ անցկացրել: Վերջին երկուսուկես ամսում չնայած դուրս էի մնացել այդ գործընթացից, բայց ուշադիր հետևում էի առաջնության ընթացքին: Ուստի, ես լիովին պատրաստ էի վերադարձել Հայաստանի առաջնություն:

 

- Ինչպես Ձեզ հաջողվեց այս կարճ ժամանակում հասնել նման լուրջ հաջողության:

- Դրական էմոցիաների: Բացի այդ, բոլոր երեք խաղերում մեր կատարած փոխարինումները արդյունք տվեցին:

 

- Դուք խոսում եք դրական էմոցիաների մասին, բայց մինչ Ձեր հայտնվելը, թիմը երկու պարտություն էր կրել և ընկճված վիճակում էր: Ինչպես հաջողվեց հաղթահարել այդ ճգնաժամը:

- Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են: Դա գալիս է հոգեբանությունից: Մենք պարզապես իրենց հիշեցրինք, որ իրենք լավ են խաղում, ի վիճակի են հաղթելու, շատ ուժեղ և համերաշխ թիմ են: Երբ դա ստացվում է, թիմը սկսում է ձևափոխվել և արդյունք ապահովել:

- Երբ հավատացիք, որ կարող եք չեմպիոն դառնալ:

- Ես թիմ էի եկել միայն մի նպատակով` դառնալ Հայաստանի չեմպիոն: Ես չեմ կատակում: Պատճառն այն էր, որ ես մի փոքր զայրացած էի հեռացել Հայաստանից: Իսկ երբ զայրանում եմ, ամեն ինչ իմ մոտ լավ է ստացվում: Սակայն, մենք չեմպիոն չէինք դառնա, եթե թիմում չլիներ հաղթողի հոգեկերտվածք, որակյալ խաղացողներ և նվիրվածություն: Այդ ամենը համընկան, և արդյունքում մեզ նման պտուղներ տվեց: