Եթե մարդ ուզում է ճանաչել երկիրը, լարված իրավիճակը չի խանգարի. մարզերը «եկել են» Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու և Սյունիքի մարզերը սահմանակից կարող էին լինել միայն Երևանում՝ «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջության ցուցահանդեսի շրջանակներում։ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ երկու օր Հայաստանի 10 մարզերը ներկայացնում են իրենց տուրիստական առանձնահատկությունները։
«Լինելով համավարակից առավել տուժած ոլորտ՝ զբոսաշրջությունն անհրաժեշտություն ունի վերականգման, եւ առաջին հերթին մեր նպատակն է խթանել ներքին զբոսաշրջությունը, սկսել ներքին զբոսաշրջության վերականգնումը։ Այս ցուցահանդեսին կարող եք ծանոթանալ այնպիսի վայրերի, որոնք երբեք չենք ուսումնասիրել, սակայն նրանք շատ յուրահատուկ են եւ հաստատ արժի այցելել», - ասաց, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանը։
Անհայտ վայրերի շարքին, իհարկե, Սարդարապատը դասել չես կարող և ինչպես Արմավիրի մարզում, այնպես էլ՝ տաղավարում այսօր մայիսի 28-ի տրամադրությունն էր տիրում։
Մանեն ասում է՝ հոգևոր քաղաք Էջմիածինը, Սարդարապատն ու Զվարթնոցի տաճարը միշտ էլ հետաքրքիր են բոլոր զբոսաշրջիկներին։
Փայտն ու կավը Կոտայքի մարզի վարպետների ձեռքերում արվեստի են վերածվում։ Գառնիից կավագործ Գևորգ Թադևոսյանը սեփական փորձով համոզվել է, որ կավը զբոսաշրջիկների համար յուրահատուկ հետաքրքրություն է։
Թեև Գեղարքունիքի սահմաններին այժմ լարված է, Վահան գյուղից 30 տարվա փայտագործ Մովսես Բրությանն ասում է՝ իրենց մոտ մարդիկ հանգիստ են․ «Մեր մոտ էս պահին խաղաղ է, բոլոր բարձունքները մերն են, մեր տեղացիներն են պահում մեր սահմանները։ Բացի էդ, մեր սահմանապահ տղաները նաեւ Շուշիի մարտերում են իրենց արդարացրել ու ապացուցել են, որ քաջ են»։
Սևանա լիճը գրավում է թե՛ հայերին, թե՛ օտար զբոսաշրջիկներին, ասում է մարզպետարանի աշխատակից Վարդուհի Մնացականյանը։ Նա կարծում է, որ անկախ իրավիճակից՝ Սևանա լճի ափերն այս տարի դատարկ չեն մնա։
Սյունիքի մարզի «Լեգենդների քայլարշավային արահետը» 200 կմ է և անցնում է շուրջ 30 գյուղով։ Մերի Գրիգորյանի խոսքով, ձգվելով Խնձորեսկի Ճոճվող կամրջից մինչև Խուստուփ լեռը, արահետում մարդկանց շարժն այսօր էլ մեծ է։
Գեղարքունիքի կանեփով դոլման, Գավառի փախլավան ու Շիրակի հնամյա հագուստները մինչեւ երեկո կցուցադրվեն Խաչքարերի պուրակում՝ Մետրոյի Հանրապետության կայարանի մոտ։