Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպես են գերեվարվել 6 հայ զինծառայողները․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումները (տեսանյութ)

Մեր զինծառայողները զենք չեն կիրառել, քանի որ արդեն 16 օր նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել առանց զենքի, առանց ուժի կիրառման, ասուլիսում ասաց   ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նա  մանրամասներ ներկայացրեց 6 հայ զինծառայողների գերեվարման դեպքից և նշեց, որ գիշերային իրավիճակն իր լարվածության գագաթնակետին է հասել առավոտյան 5-ին՝ Կութ Նորաբակ ուղղությամբ։ Մեր ուժերը դիտարկել են, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն․

«Գնահատելով այդ իրավիճակը՝ մեր հրամանատարության կողմից որոշում է  կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր թևահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։ Հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողություններն ու շրջափակել մեր խումբը՝ գերեվարելով 6 զինծառայողի»։

Նրա խոսքով՝ մոտենալով մեր զինծառայողներին, որոնցից 4-ը կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով մեր զինծառայողների վրա, հրամայել են հանձնվել։ Մեր երկու զինծառայողները, որ գտնվել են հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին․ «Բայց հակառակորդը, լինելով նենգ, դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր վեց զինծառայողներին»։

Ներկա պահին, նա նշեց, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Կապ ունեն Արցախում տեղակայված Ռուսական զինվորական  խաղաղապահ ուժերի շտաբի հետ և բանակցային գործընթացը շարունակվում է։

«Հակառակորդը մի շարք պայմաններ է ներկայացրել, մենք էլ մեր պայմանն ենք ներկայացրել, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որ ժամը 5-ից 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, որ կվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին»։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ էր տրվել թշնամուն գերեվարված զինծառայողներին հետ վերադարձնելու համար և չվերադարձնելու դեպքում ի՞նչ քայլեր են նախատեսվում, Ասրյանը պատասխանեց, որ առաջին ժամկետն արդեն ավարտվել է, քանի որ սկզբում մեկ ժամ էին տվել․

«Մեկ ժամից հետո անմիջապես մեզ հետ կապի են դուրս եկել Ստեփանակերտից մեր ռուս գործընկերները և ներկայացրել, որ Բաքվում գլխավոր վարչությունն անցկացնում է խորհրդակցություն և քննարկվում է մեր գերիների վերադարձման հարցը։

Դրա համար այդ մեկ ժամից հետո համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը չկատարի մեր պայմանները, ապա մշակում ենք համապատասխան պլաններ, որ այստեղ ներկայացնել չեմ կարող»։

Գեղարքունիքի և Սյունիքի մասի որոշ հատվածներ, Ասրյանի խոսքով, բարձր լեռնային են, կտրտված, անտառային, լեռնաանտառային, առկա են մի շարք չդիտարկվող հատվածներ, դիրքերի միջև տարածությունները կարող են կազմել 2-4 կմ, դիրքում գտնվող զինծառայողը մշտապես այդ բաց հատվածները չի կարող դիտարկել։ Դրա համար հակառակորդին հաջողվել է մայիսի 12-ին աննկատ 2-3 ուղղություններով հատել սահմանը։

«Դիրքերի կահավորվածությունն իր մեջ ներառում է բազմաբնույթ, մեծ ծավալի աշխատանքներ։ Եթե մենք խոսում ենք մինչև ռազմական գործողությունների սկիզբն ունեցած 30 տարվա դիրքային կառույցների մասին, յուրաքանչյուրդ հայտնվել եք այդ դիրքերում և տեսել, թե ինչպես են կահավորված։

Արաքսի ափից 35 սահմանանիշից մինչև Սոթքի լեռնանցքը մեզ համար վեցամսյա նոր սահման են և այդ ժամանակահատվածում լիարժեք կահավորել բոլոր դիրքերը, հենակետերը, շրջանները, ճանապարհները ԶՈՒ հնարավորություններից դուրս է», - ասաց Էդվարդ Ասրյանը։  

Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք մեր զինծառայողներին ուղեկցող ուժերը չէին կարող որևէ գործողություն կատարել, Ասրյանն ասաց, որ գերեվարում չի նշանակում, որ մեր զինծառայողը ձեռքերը բարձրացրել ու հանձնվել է․

«Եթե N քանակությամբ յուրային զինծառայողները դիմակայում են N անգամ գերազանցող 10, 20 հակառակորդի զինծառայողների, ապա հասկանալի է, որ եթե զենք չես կիրառում, չես կրակում, առաջին 10-ի վրա տալուց հետո երկրորդ 10, 20, 40 չես կարող պայքարել նման քանակի դեմ։ Ինչ վերաբերում է «ուղեկցող խմբին», մենք ուղեկցման մասին խոսք չենք ասել, ասել ենք մարտական անմիջական խնդիր կատարող խումբ, աջակցման խումբ և կառավարող խումբ»։

Ասրյանը նաև ասաց, որ, այո՛, ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա։ Նման քայլ անելու դեպքում պետք է հաշվի առնել, որ մենք նույնպես ունենք այդտեղ մեծ քանակությամբ զինծառայողներ, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում են․ «Նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ, 10-ը մենք գերեվարենք, 11-ը՝ հակառակորդը, 20-ը՝ մենք, 15-ը՝ հակառակորդը։ Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանի վերականգման ճանապարհով, ունենք երկու ուղի՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել։ Երկրորդը՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել։ Իսկ գերեվարելը այս կողմից, այն կողմից, լուծման չի բերի»։