Բացել լրահոսը Փակել լրահոսը
188103967_4110207855706937_1253523051102256222_n
A A
Պաշտոնական

Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը, ապա անձնագիրը չի ներմուծվում տեխնիկական սարքավորման մեջ․ ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:
 
«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:
 
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված է 650 քաղաքացի։ Ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում: