Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052948
A A
Պաշտոնական

Մենք պնդում ենք անազատության մեջ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը․ Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար

Եվրախորհրդարանը ընդունեց ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձև: Այսօր Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլիի ելույթ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով ռազմագերիների թեմայով քննարկման շրջանակներում:

Այն ներկայացնում ենք ստորև․

 

Տիկին նախագահ,
Եվրոպական խորհրդարանի անդամներ, 

Շնորհակալություն 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ռազմագերիների և անազատության մեջ պահվող անձանց հարցի վերաբերյալ  քննարկում հրավիրելու համար։

Մենք ի գիտություն ենք ընդունել այս պալատի շուրջ120 անդամների կողմից ներկայացված նամակը նույն հարցի վերաբերյալ։

Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում. մենք բազմիցս հորդորել ենք երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերևարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և՝ կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Մենք ողջունել ենք հունվարի 29-ին և մայիսի 4-ին՝ հինգ և երեք պահվող հայերի վերադարձի փաստը: Մենք պնդում ենք բոլոր մյուս անազատության մեջ պահվող անձանց անհապաղ ազատ արձակում:

Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցթյուն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:  Անհայտ կորած անձանց աճյունների հայտնաբերումը և հայրենադարձությունը պետք է շարունակվի։ Անհետաձգելի և վճռական քայլեր են հարկավոր մարդասիրական ականազերծման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ՝ ականապատված տարածքների ցանկացած հասանելի քարտեզների տրամադրումը՝ հակամարտության արդյունքում ավերված տարածքներ վերադարձի հնարավորություն ընձեռելու նպատակով: Լարվածությունը մեղմելու, ինչպես նաև հասարակությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար կարևոր է նաև զերծ մնալ հանրային բորբոքիչ հռետորաբանությունից:

Եվրոպական միությունը կոչ է արել ապահովել հաշվետվողականությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ցանկացած խախտումների համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի,  մահապատժի ենթարկելու կամ ցանկացած այլ՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին մեղադրանք, որոնք հնարավոր է կատարված լինեին վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ կերպով քննության առնվեն: Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ դատական մեխանիզմներին՝ աջակցելու նման հայցերի վերաբերյալ անկախ քննության անցկացմանը:

Ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական խնդիրների անհապաղ հասցեագրումը միայն առաջին քայլերն են` Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ձեռք բերմանը հարկավոր են լրացուցիչ ջանքեր։ Եվրոպական միությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին`  համանախագահների գլխավորությամբ․ մենք պատրաստ ենք նպաստել հարատև և համապարփակ խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, այդ թվում` կայունացմանն և փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին աջակցելու միջոցով:

Շնորհակալություն