Պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին․ Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ համագումարում։
Ըստ նրա՝ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը:
«Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը»,-ասաց նա։
Նախագահը չցանկացավ ավելի մանրամասնել, որովհետեւ մտադիր է օրերս հանդես գալ այդ հարցին նվիրված ծավալուն հոդվածով: