Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն
A A
Քաղաքականություն

Նեթանյահուի գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման․ արեւելագետ

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացումներին։

Նա  հիշեցնում է՝  շարունակվող պաղեստինաիսրայելական լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19թթ. Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախկին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։

«Պաղեստինյան կողմից արդենիսկ արձանագրվել է 25 զոհ, շուրջ 100 վիրավոր, Իսրայելի կորուստների թիվն առայժմ սահմանափակվում է մոտ 1 տասնյակի հասնող վիրավորներով։ Ընթացիկ լարվածությունն ունի մի շարք խորքային և իրավիճակային պատճառներ, որոնք կարելի է շարադրել հետևյալ պայմանական հաջորդականությամբ։ Խորքային պատճառներ»,-գրել է արևելագետնը՝ մանրամասնելով․

« 1. ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերություններում նկատվող տարաձայնությունները, որոնք արտացոլվում են նաև այս հակամարտության շրջանակներում։ Դ. Թրամփի «Դարի գործարքի» իրացման ձախողումից հետո իսրայելական կողմը խախտել է ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ Հենց նման որոշումներից մեկն էլ առիթ դարձավ Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում բախումների վերսկսման։

  1. Դ. Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականության և դրա արդյունքներից մեկով Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն արտացոլվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» տեսքով, իրենց հերթին հանգեցրին Իսրայելի առավել անզիջում և ագրեսիվ վարքին ամբողջ տարածաշրջանում։
  2.  Իսրայելում և Պաղեստինում նախաձեռնված ընտրական գործընթացների շուրջ տեղ գտած զարգացումները ևս վերջին լարվածության առանցքում են։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ Իսրայելում անցած 2 տարիների ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով ներկայում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Հետևաբար Իսրայելին սպասվում են կա՛մ նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, կա՛մ հերթական՝ արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունները։ Վերոնշյալի համատեքստում, քանի որ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման։ Իսկ այս բախումները և հրեա ու արաբ ժողովրդի միջև կրկին խորացող թշնամանքը հավելյալ կխոչընդոտեն Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին, որը չի կարող տեղի ունենալ առանց Կնեսեթ անցած արաբական կուսակցությունների աջակցության։
  3.  Բացի Իսրայելից, մայիսի 22-ին նախանշվել էին 2006թ.-ից ի վեր մի քանի անգամ հետաձգված խորհրդարանական ընտրությունները Պաղեստինյան ինքնավարությունում, որոնք հերթական անգամ չեղարկվեցին ապրիլի 30-ին՝ պաղեստինյան խմբավորումների միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Այս լարվածությունը բավարար հիմնավորում է պաղեստինյան կողմի համար՝ խորհրդարանական ընտրությունների հերթական չեղարկումը հիմնավորելու համար։

Իրավիճակային պատճառներ

  1. Պաղեստինաիսրայելական լարվածության վերջին սրացման առաջին իրավիճակային առիթը մուսուլմանների սուրբ ամսվա՝ «Ռամադանի» վերջին ուրբաթօրյա(մայիսի 7-ին) աղոթքի ծեսն է, որն ամենազգացականն է և համընկավ Իսրայելում տեղ գտած այլ իրադարձությունների հետ։
  2. Իսրայելում մայիսի 9-10-ին նշվող «Երուսաղեմի օրվա» միջոցառումները, որոնք մշտապես բավականաչափ հուզական ազդեցություն ունեն և՛ հրեաների, և՛ արաբների համար, այս տարի համընկան «Ռամադանի» ավարտի և 8 պաղեստինցի ընտանիքներին ունեզրկելու վերաբերյալ իսրայելական շրջանային դատարանի որոշման հետ։ Բոլոր զարգացումները տեղի են ունեցել Արևելյան Երուսաղեմում, մասնավորապես՝ սրբազան՝ Տաճարի լեռան շրջակայքում։
  3. Հակամարտ կողմերն աչքի են ընկնում նաև ռազմական գործողությունների՝ քարոզչական տեսանկյունից իրար չզիջող կոդային անվանումներով. պաղեստինյան «Երուսաղեմյան սուրը»՝ ընդդեմ իսրայելական «Պատերի պահապան» գործողության։ Ամենայն հավանականությամբ, գործողությունները կմնան միայն օդային պայքարի հարթությունում և չեն ունենա ցամաքային ընդլայնում(վերջին լայնամասշտաբ գործողությունը 2014թ. Իսրայելի կողմից իրականացված «Անսասան ժայռն» էր Գազայի հատվածում)։

Հ.Գ. Ինչպես այս հակամարտության նախկին սրացումների ընթացքում, այս անգամ ևս դրանից առավելագույն կողմնակի օգուտ է քաղում Թուրքիան։ Այդ երկրի ղեկավարությունն ամենակտրուկն է քննադատել Իսրայելի իշխանությունների «ահաբեկչական գործելաոճը»՝ կրկին ընդգծելով իսլամական աշխարհն առաջնորդելու հին և նոր հավակնություններն այդ աշխարհի ամենազգայուն հիմնախնդրի հարցում դրսևորած «սկզբունքային» դիրքորոշման միջոցով»,-նշել է Արմեն Պետրոսյանը։