Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հալածյալի կերպար մի փորձեք ստանձնել․ դա դեմ է մեր սկզբունքներին․ Մակունց (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանի արձակումից առաջ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը՝ համատեղ աշխատանքի, «Իմ քայլը» խմբակցության անդամներին ու ժողովրդին՝ իշխանությանը քննդատելու ու սատարելու համար:  Մակունցն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Կարծում եմ՝ առիթ է, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության անունից շնորհակալություն հայտնեմ խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր հարցերում ունեցել են շատ տարաձայնություններ՝ միևնույն խնդրի լուծումը գտնելու համար»,-ասաց նա:

Մակունցը հիշեցրեց ընդդիմության կողմից նախաձեռնված ու ընդունված օրենքների քանակը՝ նշելով, որ դա ևս վկայում է համատեղ աշխատանքի մասին: Մակունցը շնորհակալություն հայտնեց նաև «Իմ քայլը» խմբակցությանը: «Հատկապես վերջին ամիսների ընթացքում պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը քաջ գիտակցել է այն պատասխանատվությունը, որը կրում է երկրում կայունություն ապահովելու և երկիրն անցնցում պահելու համար, որը կարող էր հանգեցնել արտաքին, անվտանգային սպառնալիքների և կամք դրսևորել՝ հարթ կերպով, դժվարություններով այս հանգրվանին հասցնել»,-ասաց նա:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին: «Որովհետև այս ընթացքում, որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին: Այո, գուցե սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում՝ ինչպես բոլոր իշխանությունները: Բայց մենք մեզ պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել ենք՝ դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որը մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հավաստիացրեց, որ որպես ժողովրդի մանդատը կրող քաղաքական մեծամասնություն՝ իրենք հաստատակամ են ՀՀ-ում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ վստահեցնելով, որ ժողովրդի կամքի ոտնահարման ցանկացած փորձ ընտրությունների ընթացքում վստահաբար արժանանալու է ամենախիստ արձագանքին: