Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բա՞ որ մենք մրցույթ անենք, ռեկտոր ընտրենք ու որոշումը համարվի հակասահմանադրական․Վահրամ Դումանյան (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում էր գիտխորհրդի հետ՝ խոսելու ու փորձելու կարգավորել համալսարանում առկա խնդիրները, հատկապես՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու հարցը։

Նախ նա ներկայացրեց  իր պատկերացրած հոգաբարձուների խորհրդի կազմը։

«Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, ինչը մեր երկրում դժվար է գտնել: Այդ անձինք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց մեկ որոշումով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում։ Ես 9-0-ի կողմնակիցն եմ եղել և ասել եմ Ազգային ժողովում։ Քննարկումների արդյունքում չի անցել իմ առաջարկը։ Ասել եմ՝ լավ, 7-2։ Դե, չէ, այդպես ոնց կլինի, մեկ դասախոս, մեկ ուսանող, ասել եմ՝ 6-3, ասել են՝ դե, չէ»,- նշեց Դումանյանը:

Գիտխորհրդի անդամներից Վահե Հովհաննիսյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք Վահրամ Դումանյանը պատրաստվում է գալ ռացիոնալ դաշտ և քայլեր ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, թե՞ շարունակելու է նույն քայլերով խորացնել ճգնաժամը։

 

 «Ես գտնվում եմ ռացիոնալ դաշտում և Ձեզ եմ հրավիրում ռացիոնալ դաշտ։ Հարցը հիմա Սահմանադրական դատարանում է։ Քանի դեռ չկա որոշում, պնդել, թե ոնց կլինի որոշումը, չգիտենք։ Այդ ընթացքում գործում են այլ օրենքներ։ Ես առաջարկել եմ եղած օրենքներով խնդիրը լուծենք։ Ես, օրինակ, շահագրգռված եմ՝ որքան հնարավոր է շուտ ռեկտորի մրցույթ հայտարարվի ու համալսարանն ունենա ռեկտոր։ Բա՞ որ մենք մրցույթ անենք, ռեկտոր ընտրենք ու որոշումը համարվի հակասահմանադրական։ Կարելի էր ձևավորել խորհուրդ, ժամանակավոր պաշտոնակատարի հարցը լուծեինք և սպասեինք ՍԴ-ի որոշմանը», - ասաց Դումանյանը։

Հիշեցնենք, որ խոսքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից 24․03․2021) որոշ կարգավորումների՝ Սահմանադրությանը հակասելու մասին է։ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն դիմել էին Սահմանադրական դատարան՝ օրենքի առանձին դրույթների՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը պարզելու նպատակով։

Գիտխորհրդի անդամ Մարատ Գրիգորյանը նշեց, որ երբ նոր իշխանությունը եկավ, սկսեց ամեն կերպ վարկաբեկել համալսարանը, ղեկավարությանը և չկազմակերպեցին ռեկտորի ընտրություններ ու արդեն երկու տարի կա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար․

«Եվ Դուք, նշանակվելով նախարար, կարծում էի՝ կշտկեք բոլոր բացթողումները, կանցկացնեիք ռեկտորի ընտրություններ գործող հոգաբարձուների խորհրդի կազմով և կընտրվեր ռեկտոր, որ հանգիստ կկատարեր իր պարտականություններն ու համալսարանն այս ճգնաժամին չէր հասնի։ Չե՞ք գտնում, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված դիմում գրեց ազատվելու և հաջորդեց Ձեր գործողությունը դեռ օրենքը չընդունված՝ նորից հակասահմանադրական քայլ կատարելու, նորից իշխանության կողմից պարտադրված ռեկտոր նշանակելու համար»,  - ասաց Մարատ Գրիգորյանը։

Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ նախարա՞րը պետք է անցկացներ ընտրություն։ Ի՞նչ կապ ունի նախարարությունը․ «Այո, համակարծիք եմ, այն, ինչ անում եմ այսօր, պետք է արվեր ավելի վաղ, դեռ երկու տարի առաջ։ Ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտն իմ կողմից անընդունելի է», - ասաց նա։

Ինչ վերաբերում է հակասահմանադրականությանը, Դումանյանը հորդորեց՝ մինչև ՍԴ-ի որոշումը ոչ ոք չորոշի՝ օրենքը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ․ «Այո, վիճարկվում է, կարող է պարզվի հակասահմանադրական է, կարող է պարզվի պրոբլեմ չկա։ Ես չգիտեմ ու ոչ ոք չգիտի։ Կարող ենք ենթադրել, մտավախություն հայտնել, բայց պնդել, որ ակնհայտ է՝ հակասահմանադրական է, դա առնվազն անպատասխանատու պնդում է, անհարգալից վերաբերմունք ՍԴ-ի նկատմամբ», - ասաց Վահրամ Դումանյանը։