Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պետք է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այսօրվա լսածս․պատգամավորը՝ Ապրիլյանի զեկույցի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է՝ Արցախի Մարտունի քաղաքից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ քննարկումները չեն դադարում, այն պետք է հանվի մինչև մայիսի 9-ը․

«Արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի, սա ծնելու է արհեստական հակառուսական աղմուկ»,-նշեց Հովսեփյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, որն այս պահին քննարկվում է փակ նիստով, նշեց, թե հանձնաժողովից երբեք էլ մեծ ակնկալիքներ չի ունեցել․

«Ապրիլյան պատերազմի ժամանակ և նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ես կողքից նայող չեմ եղել և շատ բաների անձնամբ եմ ականատես եղել, դրա համար հանձնաժողովի զեկույցը ինձ համար այդքան կարևոր չէր, ավելի շատ հակասական և խճճող բաներ էին, որոնք այն ժամանակ այլ տեսքով էր, հիմա այլ տեսքով է։ Լսեցի ինձ համար հակասական տեղեկություններ և պետք է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այսօրվա լսածս»։

Պատգամավորը նաև ասում է՝ այսօր շատ ավելի ահեղ 44-օրյա պատերազմ պետք է քննենք․

«Ես կարծում եմ, որ զեկույցի քննարկումը հրապարակային կարող էր լինել, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, քանի որ շատ բաներ այստեղ շատ ավելի մեղմ է երևալու, քան 44-օրյա պատերազմում մեր տեսածը, դրա համար գաղտնի է քննարկվում»։

Հովսեփյանը նաև ասում է՝ ի սկզբանե չպետք է հայտարարվեր, որ քննարկվելու է բաց և հրապարակային։

Անկախ պատգամավորը նաև նշեց, որ տարբեր քաղաքական ուժերից առաջարկներ ունի մասնակցելու արտահերթ ընտրություններին, բայց հակված է չմասնակցելու։