Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԳՇ նախկին պետի չգալու մեջ առեղծված կա․ ես ամեն ինչ արեցի, որ նա գա․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջով, բայց ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին, նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ Ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցն այսօր քննարկվում է Ազգային ժողովի փակ նիստում, թեև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ կցանկանար, որ իրենց աշխատանքը ներկայացվեր հանրությանը․

«Հնարավոր է գտնվեն տարբերակներ, որ անհատներ, կազմակերպություններ, որոնք ունեն հնարավորություն ծանոթանալու, ծանոթանան, համապատսախան մարմինները պետք է ուսումնասիրեն՝ Զինվորական դատախազություն, Գլխավոր դատախազություն, քննչական մարմիններ, քանի որ զեկույցը շատ կարևոր դրվագներ ունի»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նաև վստահեցրեց՝ հանրությունը իր հարցերի պատասխանները թույլատրելիի սահմաններում ժամանակի ընթացքում կստանա․

«Մոտակա երկու-երեք օրերի ընթացքում զեկույցի որոշ կտորներ հնարավոր է հրապարակվեն»։

Քոչարյանը վերահաստատեց նախկինում հնչեցված իր դիրքորոշումը՝ 44-օրյա պատերազմը Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր․

«Քննիչ հանձնաժողով գալ ոչ ոք չի մերժել, բացի մեկ մարդուց, և այդ մեկ մարդու մերժելը մեկ իմպերատիվ հարցի պատասխան հնարավորություն չի տվել հանձնաժողովին ստանալ՝ ի՞նչ է խոսվել Մոսկվայում»։

«Ա1+»-ի հարցին, թե ի վերջո Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, ինչպե՞ս է ավարտվել պատերազմը, Քոչարյանն արձագանքեց․

«Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիևին, բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմը ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում և դա հօգուտ ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ։ Այն դիրքերը , որոնց ուղղությամբ գործողություններ է կատարել Ադրբեջանը, այդ դիրքերի առավելությունը պահել է՝ 20 դիրք, 94 թվականի զինադադարը խախտվել է, որը եռակողմ էր, հիմա հարց կառաջանա՝ ինչո՞ւ այն ժամանակ ստացվեց հրադադարը, հիմա չստացվեց, քննիչ հանձնաժողովը կունենա հնարավորություն գտնելու այդ հարցի պատասխանը։ Մի հոգու չգալը ես համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողում՝ ես ամեն ինչ արեցի,որ ԳՇ նախկին պետը գար, ինքը չեկավ, այդ չգալու մեջ կա առեղծված»։

Քոչարյանն ասաց՝ մեկ տարի փորձել են հասկանալ ձախողումների խորքային պատճառները, դավադիրներ չեն փնտրել։