Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանն ընդեմ Արամ Մանուկյանի գործով դատավորն արգելեց տեսանկարահանումն ու հեռարձակումը (տեսանյութ)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է    հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար ներողություն խնդրել։

Պատասխանողի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը Արամ Մանուկյանի հնչեցրած բոլոր արտահայտությունները համարում է գնահատողական դատողություններ`  հիմնված փաստերի վրա։

Տիգրան Եգորյանը  նաև հիշեցրեց լուսանկարները, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, նրա խոսքով, պարծենում է կենդանի սպանելու փաստով, ինչն էլ «արյունարբու» արտահայտության համար հիմք է հանդիսացել։

Պատասխանող կողմը որպես ապացույցներ ներկայացրել էր տարբեր գրքեր, հոդվածներ, որոնցում, ըստ Եգորյանի, բնականաբար բառացի գրված չէ, որ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, ոչնչացրել է տնտեսությունը, բայց ընթերցելով գիրքը, գալիս ես այդ եզրահանգմանը։

Տիգրան Եգորյանը մեջբերեց Արամ Մանուկյանի՝ Քոչարյանի վերաբերյալ ասված արտահայտություններից մեկը․ «Բոլորը չգիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը միայն մարտի մեկով չէ հանցագործ, նա տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականությունն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել,  մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել»։

 Եգորյանի խոսքով, ապացույցների մեջ իրենք չեն կարող ներկայացնել այն, որ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրել է Ղարաբաղը։ Պետք է դիտարկել այն, որ Քոչարյանի գործողությունները հանգեցրել են նրան, որ Ղարաբաղը, որպես բանակցող կողմ, դուրս է թողնվել գործընթացներից։

 «Ես Ռոբերտ Քոչարյանին նեղացնելու, զրպարտելու միտում բացարձակ չունեի։ 88-ին մենք միասին էինք շարժումը սկսել։ Մենք երկար ընկերություն ենք արել։ Իմ բոլոր հայտարարությունները վերաբերում են նրա պաշտոնավարման տարիներին։ Ասածներս միայն գնահատական են Ռոբերտ Քոչարյանի աշխատանքին»,- իր ելույթում նշեց Արամ Մանուկյանը։

Նա  ծավալուն փաստեր և մեջբերումներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիների աշխատանքից։  Արամ Մանուկյանը հայտարարեց, որ անդրադարձավ  հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը։ Նրան ընդհատեց հայցվորի ներկայացուցիչը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը նշեց, որ Արամ Մանուկյանի ելույթը և մեջբերումները իրավական չեն և հավելյալ զրպարտություններ են պարունակում, նա հրաժարվեց շարունակել մասնակցել այսօրվա դատական նիստին, քանի որ դատարանը թույլ է տալիս շարունակել ելույթը, որտեղ գործին չվերաբերող շատ նյութեր կան և լքեց դատարանի դահլիճը։

Դատարանն առաջարկեց մինչև ժամը 15:00-ն ընդմիջում հայտարարել։ Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց այսօրվա նիստը հետաձգելու և մյուս նիստին ապացույցներն ու փաստերն ավելի համակարգված և ամփոփ ներկայացնելու։ Դատավորն ասաց, որ չի հետաձգվի դատական նիստը։

Ընդմիջումից հետո դատարան վերադարձավ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը և պահանջեց, որը նիստը  չհեռարձակվի։ Դատարանը որոշեց արգելել դատական նիստի հեռարձակումն ու տեսանկարահանումը։