Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, պարզ կլինի այս եզրակացության մեջ․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Ապրիլյան հանձնաժողովի զեկույցը պարունակում է տեղեկություններ, որոնք պետական և ռազմական գաղտնիք են պարունակում, հետևաբար, փակ նիստով այդ խնդիրը քննարկելը բավականին տրամաբանական է։  Այս մասին ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ քննարկումից հետո պատգամավորները շատ հարցեր պարզաբանելու են, ներկայացնելու են հանրությանը․

«Պաշտոնապես կտեղեկացվի այն մասը, որը պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում»։

Հարցին, թե արդյո՞ք կլինեն իրավական գործընթացներ զեկույցի ներկայացումից հետո, Խաչատրյանն ասաց՝ չի բացառվում, որ կլինեն իրավական գործընթացներ․

«Եթե այդ զեկույցում տեղեկատվություններ լինեն առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կամ տեղեկատվություն լինի, որը ենթակա է ստուգման, իհարկե, ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանով կզբաղվի և համապատասխան իրավապահ մարմիններին հանձնարարական կտրվի ստուգումներ իրականացնել և պարզել, թե արդյո՞ք քրեական գործեր հարուցելու առիթներ և հիմքեր կան, թե ոչ»,-նշեց Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք, եթե ժամանակին վերացվեին, մեր բանակը կլիներ ավելի մարտունակ, ավելի ուժեղ․

«Սա կլինի պատմական փաստաթուղթ, որը երկարատև կպահպանվի, քննիչ հանձնաժողովի աշխատանքը նպաստելու է մեր երկրի պաշտպանունակության և անվտանգության բարձրացմանը»։

Խաչատրյանը պնդում է՝ Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, պարզ կլինի այս եզրակացության մեջ։

Պատգամավորն անդրադարձավ նաև ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթին, թե իշխանական պատգամավորները վերջապես վերադարձել են հայամետ տիրույթ․

«Տարոն Սիմոնյանը իրավունք չուներ նման բան ասել, նա ցույց տվեց, որ  իբր շնորհակալություն է հայտնում ելույթների համար, որոնք միջազգային հանրության համար շատ կարևոր են, բայց մեկը լինի իրենց հարցնի՝ իրենցից ինչքանն են հայամետ եղել, ինչքանը ոչ։ Ես Տարոն Սիմոնյանի հետ ցանկություն ունեի դրսում խոսել և ուղիղ հարց տալ՝ հայանպաստը ո՞վ է՝ ինքն է, թե՞ մենք ենք և այդ մեր ո՞ր գործունեութունը հայանպաստ չի եղել»։