Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2159 (1)
A A
Մշակույթ

Փորձում ենք մեկ տարվա բացթողումները լրացնել․ Կոնստանտին Օրբելյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերային ներկայացման պրեմիերային, որը հանդիսատեսի համար կլինի այս ամսվա գլխավոր իրադարձությունը: 

«Համավարակով պայմանավորված մեկ տարվա դադարից հետո հանդիսատեսի հետաքրքրությունը իրապես շատ է մեծացել թատրոնի ներկայացումների նկատմամբ: Եվ սա, անխոս հասկանալի է: Հանդիսատեսը կարոտել է մշակութային օֆլայն միջոցառումները, կենդանի շփումները,- «Ա1+»-ի զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:- Բնականաբար, փորձում ենք մեկ տարվա բացթողումները լրացնել այս ընթացքում, վերականգնել խաղացանկային ներկայացումները: Իսկապես, անչափ բարդ տարի էր 2020-ը, սակայն յուրաքանչյուրս մեր ոլորտում այսօր պարտավոր ենք առավելագույնը անել որպեսզի ոտքի կանգնենք»

Մայիս ամսին կգերակշռեն բալետային ներկայացումները՝ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինոն», Արամ Խաչատրյանի «Գայանեն», «Դիմակահանդեսը», կներկայացվի նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Շարունակվում են համերգային երեկոները ճեմասրահում, որոնք արդեն պարբերական բնույթ ունեն: Նման ձևաչափով համերգային երեկո անցավ օպերային թատրոնի նվիրյալ դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին: 

«Մեկ տարի է մաեստրոն մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը վառ է: Իմ նախաձեռնությամբ թատրոնի երախտավորների ցուցասրահը համալրվեց Ալեքսանդր Բաղրամյանի հեղինակած Յուրի Դավթյանի դիմանկարով: Ուրախ եմ, որ ցուցասրահի մտահղացումը ծառայում է իր բուն նպատակին և մեր մեծերը հիշվում են, ճանաչելի են դառնում նոր սերնդի մոտ նաև այս տարբերակով: Հոբելյաններով հարուստ տարի է և մենք էլ մեր հերթին կնշանավորենք մեր ժողովրդի նվիրյալ զավակների հոբելյանները:»,- նշեց պարոն Օրբելյանը:

Թատրոնում արդեն նշել են Գեղամ Գրիգորյանի և Վիլեն Գալստյանի հոբելյանները, սակայն առաջիկայում նոր միջոցառումներով ևս կնշանավորվեն: Կնշեն նաև մեր մշակույթի երախտավոր Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանը և կյանքից հեռացած մեծանուն արտիստ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի հոբելյանը: 

Պարոն Օրբելյանի խոսքով, ծրագրերն իսկապես շատ են և հուսով են, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա և կկարողանան անխափան ընթացքով աշխատել: