Հայաստանի Կոմունիստական կուսակցության արդեն ավանդական մայիսմեկյան երթն այս տարի մեկնարկեց կեսօրին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը հայտարարեց ՝ սա միաժամանակ բողոքի երթ է, որով պահանջում են իշխանություններից լուծում տալ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ գործազրկությունը, հարկերի և գների բարձրացումը, արտագաղթը։
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի փրկությունը սոցիալիզմն է, սոցիալիստական հասարակարգի վերականգնումը։ Մենք ոչ ոքի չենք փնովում, բայց այս 30 տարիներն ապացուցեցին, որ մենք էինք ճիշտ, ճիշտ էին խորհրդային համակարգն ու սոցիալիստական հասարակարգը», - ասաց Երջանիկ Ղազարյանը։
Քանի որ առաջիկա ԱԺ ընտրությունները արտահերթ են, կոմունիստները դեռ վերջնական որոշում չունեն մասնակցության վերաբերյալ։ Կհայտարարեն քննարկումներից հետո։
«70 տարի մենք երկիր ենք կառավարել և մենք ունենք խոսք ասելու։ Մենք կարող ենք երկիրն այս վիճակից հանել, ինչպես հանել ենք 1920 թվականին՝ նույն սովն էր, նույն համաճարակն էր, հարյուրհազարավոր գաղթականներ էին ու այդ ամենը խորհրդային հասարակարգը շտկեց, քարերի երկիրը դարձրեց վարդերի երկիր», - ասաց Երջանիկ Ղազարյանը։
Պատերազմի օրերին, նրա խոսքով, իրենք դիմել են Ռուսաստանին ու այնտեղի Կոմունիստական կուսակցությանը՝ ելք ու փրկություն տեսնելով նրանց օգնությամբ։ Ըստ նրա՝ այն, որ այսօր գոնե որոշ մասը Արցախից պահպանվեց և ժողովուրդը փրկվեց բնաջնջումից, ռուս խաղաղապահների միջամտության արդյունքն էր․
«Պատերազմի նման արդյունքը անփորձ, ոչ բանիմաց, մեծամիտ, ինքնահավան, իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսնող իշխանությունների կառավարման հետևանքն էր։ Մենք բազմիցս փորձել ենք նրանց աջակցություն հայտնել հատկապես հայ-ռուսական հարաբերությունների հարցում, բայց նրանց կողմից անտեսվել է, դրան խանգարել են իշխանության սորոսածին ներկայացուցիչները»։
Երթի մասնակիցները՝ իրենց հետ ունենալով ՀԽՍՀ-ի դրոշներն ու տարբեր գրություններ՝ «Հայրենիք, Սոցիալիզմ, Աշխատանք, Առաջընթաց» և այլն, Սարյանի արձանից մոտից երթով հասան Շահումյանի արձանին հարակից տարածք։
Երջանիկ Ղազարյանը ելույթ ունեցավ՝ շնորհավորելով հայությանն ու ամբողջ աշխարհին՝ Աշխատանքի օրվա առիթով։ Նա նշեց, որ 18-րդ դարի վերջից բանվորները պայքարում էին իրենց իրավունքների համար և դրանք առավելագույնս պաշտպանված են եղել միայն ԽՍՀՄ-ի և Կոմունիստական կուսակցության իշխանության ժամանակ․
«Ինչպես 1920թ․, այսօր էլ մենք գտնվում ենք ողբալի իրավիճակի մեջ։ Հիմա ՀՀ Սահմանադրության մեջ ասվում է՝ մարդն ունի աշխատանքի իրավունք, այո, ունի, բայց աշխատանք չկա, որտե՞ղ աշխատի։ Շնորհավորում ենք աշխատավոր, բայց աշխատանք չունեցող հայ ժողովրդին և խոստանում ենք ամեն ինչ անել՝ նորից վերականգնելու ու բոլորի դեմքին ժպիտ բերելու համար», - ասաց Երջանիկ Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում