Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 1-ը մայիսի․ «Տարոն ջան, գեղեցիկ չի» (տեսանյութ)

1991-ի մայիսի 1-ը Հայաստանում աշխատանքային օր է։ Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ Օրն աշխատանքային է նույնիսկ դատարկ խանութների աշխատողների համար։ Մարդիկ տոնական տրամադրություն չունեն։ Արցախից ծանր լուրեր են հասնում։ Հայաստանի խորհրդարանը իրիկնային ռեժիմով է քննարկում երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Խորհրդային Օմոնի եւ ադրբեջանցի զինվորականների շրջափակման մեջ գտնվող Գետաշենից եւ Մարտունաշենից ընդունվում են նոր փախստականներ, որոնք հիմնականում ծերեր են, մայրեր եւ երեխաներ, տղամարդկանց ռուս զինվորները բաց չեն թողնում։ Այս օրերին ռմբակոծվում է նաեւ Հայաստանը։ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում ընդհանրապես որեւէ կանգուն տուն չի մնացել, սպանվել է 9 ոստիկան, ուղղաթիռներով գնդակոծվում են Գորիսի գյուղերը։ Խորհրդային զինվորականների աջակցությամբ ադրբեջանցիները պատանդի կարգավիճակով առեւանգել են մի քանի հայ ոստիկանի եւ տեղական մարմինների ղեկավարների։

Աշխատանքային օր է նաեւ 1992-ի մայիսի 1-ը։ Այն ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա նույն օրվանից։ Սակայն Հայաստանն արդեն անկախ է, եւ շրջափակման մեջ է։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված եւ Հայաստան ուղեւորվող վագոնները մտնեն Հայաստան, վերջին օրերին այդ երկիրը կանգնեցրել եւ բեռնաթափել է մոտ 3 հազար 500 տոննա մթերային բեռ, 4 միլիարդ ռուբլու շինարարական պարագաներ։ Այս օրերին Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դադարեցված է նաեւ թուրքմենական գազի մուտքը Հայաստան։ Մեր երկրի արեւելյան սահմանի երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակում։ 

2002-ի մայիսի 1-ին կոմունիստներին կրկին հաջողվում է բազմահազարանոց երթ կազմակերպել Աշխատավորների միջազգային տոնի առիթով։ Այս անգամ սակայն կոմունիստները հայտարարում են, որ տոնելու բան չկա, նրանք դուրս են եկել բողոքելու գործազրկության դեմ։    

2000 թվականի մայիսի 2-ին վերջապես հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան եւ վարչապետ Արամ Սարգսյան վեճը։ Վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ Նրա հետ միասին պաշտոնանկ է արվում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վարչապետի պաշտոնանկությունը Ռոբերտ Քոչարյանը բացատրում է նրանով, որ Արամ Սարգսյանին չի հաջողվել ստեղծել թիմ, որը կաշխատի հանրապետության նախագահի հետ։  

Պատգամավորներից մի քանիսը խոսում են Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 2-ին նրա պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։ Հաջորդ օրը, ըստ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի, նրանց թիվն անցնում է 40-ից։ Սակայն լրագրողներին հայտնի է դառնում միայն երկուսի անունը՝ Խորեն Սարգսյան եւ Տարոն Սահակյան։  

Ազգային Ժողովի խմբակցությունները հայտարարում են, որ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնանկությամբ Ռոբերտ Քոչարյանը գործել է Սահմանադրության շրջանակներում։ Այդ մասին հայտարարում է նաեւ «Միասնություն» դաշինքը։ Նոր վարչապետի անունը դեռեւս հայտնի չէ։ Ազգային Ժողովում քննարկում են, թե պե՞տք է շարունակի նոր վարչապետն աշխատել նախորդի թիմի հետ։    

2007-ի մայիսի 1-ին հրազդանցի ընտրողների հետ հանդիպմանը խորհրդարանական ընտրություններին մասնակցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ։ «Եթե դուք ձեր ձայնը մեզ եք տալիս, ապա ոչ թե ինձ եք տալիս, այլ տալիս եք ապագային: Համոզված եղեք` դուք եք որոշողը: Դուք ոչ թե ձայնը տալիս եք` [դրանով] Ծառուկյան Գագիկին լավություն եք անում, դուք ձայնը տալիս եք ձեզ, ձեր տարածքին, ձեր վաղվա ապագային»,-ասում է Գագիկ Ծառուկյանը։  

2012-ի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանն այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ տեղադրված առեւտրային կրպակների դեմ բողոքում էին հասարակական եւ բնապահպանական ակտիվիստներ։ Սերժ Սարգսյանը պուրակ մտավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որն բողոքի բոլոր օրերի ընթացքում պուրակ չէր այցելել։