Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050943
A A
Պաշտոնական

Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. երկու հրշեջ ծխահարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։