Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Փաշինյանի հաղթելու դեպքում էլ թավիշ չի լինի․ պատժելու են նրանց, ում ուզում էին դեռ 2018 թ․-ին պատժել» (տեսանյութ)

Առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական հաղթաթուղթը, ինչպես նախկինում, լինելու են Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթները, այս մասին «Հոդված 3» ակումբում «Հայաստանը թեւակոխում է նախընտրական փուլ» թեմայով քննարկմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այն ընտրազանգվածը, որի վրա հիմնականում փորձում է հենվել իշխող քաղաքական ուժը, մարդիկ են, որոնք չեն խորանում տարբեր ծրագրերի մեջ․

«Նրանք շարունակում են շնորհակալ մնալ և դեռ հույսեր են փայփայում, որ թավիշն այլևս չի լինելու իշխող քաղաքական ուժի հիմնական մարտավարությունն ու նրանց, ում ուզում էին պատժել 2018 թվականին, ի վերջո, այս ընտրություններում հաղթելու դեպքում, պատժելու են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները», - ասաց Բորիս Նավասարդյանը։

Որևէ նոր բան, որը կարող է շահել նոր ընտրազանգված, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու «ՔՊ»-ն դժվար թե կարողանան առաջարկել։ Նրանք ունեին տարբերակ, եթե շեշտը դնեին երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման վրա, բայց վերջիններս իրենց պահվածքով այդ շանսը չեն թողել․

«Ես չգիտեմ՝ ինչ թարմություն կարող է լինել Նիկոլ Փաշինյանի նախընտրական մարտավարության մեջ, թեև այն զանգվածը, որ դեռ ընկալում է էմոցիոնալ ելույթները Փաշինյանի, բավականին մեծ է, այսինքն՝ որոշակի պաշար նրանք ունեն։ Եվ երևի այդ պաշարն ավելի շատ է, քան ցանկացած այլ քաղաքական ուժինը», - ասաց Նավասարդյանը։

ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցությունների ալյանսում, նրա կարծիքով, որոշակիություն դժվար է ակնկալել։ Այս պարագայում նրանք շեշտը դնելու են այն ձախողումների վրա, որոնք թույլ տվեց Նիկոլ Փաշինյանը․

«Բայց այստեղ մի նրբություն կա․ «Հանրապետականն ու «Հայրենիքը» տրամադրված չեն հաղթանակ տանելու ուղղությամբ, նրանք հիմնականում տրամադրված են օգնություն տրամադրել իրենցից ավելի մեծ շանսեր ունեցող որևէ քաղաքական ուժի։ Կարծում եմ՝ եթե հասնեն իշխանափոխության այսօր, նրանք բավարարված կլինեն», - նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Եվս մեկ ալյանս ձևավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ և, Նավասարդյանի խոսքով, դա միակ քաղաքական ուժն է, որ հստակ, թարմություն պարունակող նախընտրական մարտավարություն ունի։ Նրա կարծիքով՝ ի տարբերություն հանրապետականների՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր զինակիցների մեծ մասը հայհոյանքներ չեն օգտագործելու Փաշինյանի հասցեին․

«Քննադատելով այն բոլոր ձախողումները, որ եղել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, առաջարկելու են այլընտրանքներ և դա արդեն երևում է Ռոբերտ Քոչարյանի տարբեր հանդիպումներից»։

Բորիս Նավասարդյանի կանխատեսմամբ՝ ՀՀԿ-ի, «Հայրենիքի» և ընտրություններին չմասնակցող Միքայել Մինասյանի ռեսուրսներն ի վերջո օգտագործվելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Հարցին, թե արդյո՞ք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կարող է Նիկոլ Փաշինյանի ընտրողների ձայները տանել, Բորիս Նավասարդյանը պատասխանեց՝ այն, ինչ ունի Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իրենից չի կարող տանել, արդեն Փաշինյանը դա՝   «ավազակապետության դեմ պայքարի այդ դրոշը» տարել է 2018թ․-ին։