Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սևանը փրկելու համար դրամահավաք է սկսվել (տեսանյութ)

Կոյուղաջրերը շարունակում են լցվել  Սեւանա լիճ։ «Փրկենք Սևանա լիճը» նախաձեռնությունը լիճը մաքրելու ու ճահճացումից փրկելու համար դրամահավաք է սկսել Go found me  հայտնի կայքում։ Նախատեսում են 500 հազար դոլար հավաքել՝ մաքրող համակարգ տեղադրելու համար։ Նախաձեռնության համակարգող Հարություն Գևորգյանը  ներկայացնում է մաքրող համակարգի իրենց մոդելը․

«Կոյուղաջուրը լցվում է իր երկու բակի մեջ։ Քառաստիճան կոչվում է, որովհետեւ մինչ ջրի դուրս գալն անցնում է չորս մասերով։ Լցվում է ջուրը մի բակի մեջ, որտեղ խոշոր ֆիլտրացում է անցնում, հետո տեղափոխվում է բակտերիաների բնակավայր, այսպես ասած, որտեղ կատարվում է նստեցում, այնուհետեւ անցնում է ցեոլիտային ֆիլտրերի միջով, որտեղ անցնում է վերջնական մաքրումը եւ ստանում ենք 95-98%-անոց մաքրության, ոռոգման համար նախատեսված ջուր», - ասում է նա։

Մյուս խնդիրը  լիճը ջրիմուռներից մաքրելն է։  Նաեւ այս նպատակով է դրահամահավաքն արվում։

«Կա տեխնոլոգիա, որ աշխարհում օգտագործվում է, մի քանի երկրներ կան, որ ունեն ու օգտագործում են, բայց շատ թանկարժեք է։ Այսինքն, դիմել այդ երկրներին, ֆինանսապես շատ ռեսուրսներ է պահանջում։ Մենք ունենք այդ կառուցվածքը, որով կարելի է  կառուցել նմանատիպ մեխանիզմ, որը որսում է ջրիմուռներին ու անվնաս օգտահանում է։ Պիլոտային ծրագիրն իրականացնելու համար անում ենք դրամահավաք, որ ցույց տանք նրա օգտակարությունը։ Փորձը կա աշխարհում, մի քիչ մոդիֆիկացիա եւ հայկական արտադրող ու վերջ», - ասում է Հարություն Գևորգյանը։

Սեւանի ափամերձ տարածքներում գործող մի քանի տնտեսվարողներ ներկայումս ունեն կոյուղաջրերը մաքրող տարբեր կայաններ, սակայն Հարությունը նշում է, որ դրանով ոչինչ չի փոխվում և բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն։

Սևանի տարածքում և նաև  Գեղարքունիքի  մարզում կոյուղաջրերի հեռացման ընդհանուր համակարգ չկա և խոսքը միայն ֆիլտրացնելու մասին չէ։ Հարությունի խոսքով՝ խնդիրն ավելի մեծ է և միայն իրենց ջանքերով այն լուծելը դժվար կլինի։

Առայժմ դեռ շատ քիչ գումար է հավաքվել։ Սակայն  «Փրկենք Սևանա լիճը» նախաձեռնությունը գործի է անցնելու։  Ինչպես  Հարությունն ասում է՝   սպասելու ժամանակ չկա, քանի որ ցանկացած անցնող օրը կարճացնում է Սևանի կյանքը։ Մասնագետներն անգամ  ասել են՝ վերջին 30 տարում Սևանը ծերացել է հարյուրավոր տարիների փոխարեն։

«Հունիսի 1-ից սկսվելու են աշխատանքներն ամեն դեպքում՝ անկախ նրանից՝ դրամահավաքի տեմպերը ոնց կզարգանան, ինչքան գումար կհավաքվի», - ասում է Հարություն Գևորգյանը։