Այսօր` «ՊՍԺ» - «Մանչեսթեր Սիթի». չորրորդ հակամարտությունը եվրոգավաթներում
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Փարիզի «ՊՍԺ»-ն այսօր սեփական դաշտում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Երկու թիմերը նախկինում իրար հետ հանդիպել են ընդամենը երեք անգամ: 2008թ Եվրոպայի լիգայի խմբային փուլում կայացած միակ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0: Իսկ ահա 2016թ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» երկու խաղերի արդյունքներով հաղթել էր Ֆրանսիայի չեմպիոնին` 2:2, 1:0:
«ՊՍԺ»-ն երկրորդ տարին անընդմեջ հասել է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Անցած տարի ֆրանսիական ակումբը 3:0 հաշվով վստահ հաղթել էր գերմանական «ՌԲ Լայպցիգին» և մտել եզրափակիչ:
«Մանչեսթեր Սիթին» երկրորդ անգամ է հանդես գալիս այս փուլում: Անգլիացիների առաջին փորձն անհաջող էր ստացվել. 2016 թվականին մանչեսթրցիները երկու խաղում զիջել էին Մադրիդի «Ռեալին»` 0:0, 0:1:
Ըստ բուքմեյքերների այսօր հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի «Մանչեսթեր Սիթին», չնայած այն հանդես է գալիս մրցակցի հարկի տակ: Անգլիացիների հաղթանակը մասնագետները գնահատել են 1,95 գործակցով, իսկ ֆրանսիացիներինը` 3,75-ով:
«ՊՍԺ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: