Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իշխող խմբակցության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ընտրական գործընթացին, այդ թվում քարոզարշավին խոչընդոտելու համար: Վերջինս սա համարեց ռիսկային․

«Գիտենք, որ ընտրություններում ամենալարված վիճակը լինում է քվեաթերթիկները հաշվարկելու ընթացքում,  ստացվում է, որ եթե որեւէ մեկն ասի՝ քվեաթերթիկն էս կողմ պահի, այնպես արա, որ ես տեսնեմ, կարող են այդ դեպքում անձին քրեական պատասխանատվության ենթարկել խոչընդոտելու հոդվածով: Նպատակը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակությունը խնդրահարույց է: Ակնհայտ է, որ սա հաջորդեց Սյունիքի դեպքերին, իսկ մենք նկատում ենք, որ Սյունիքի դեպքերի առումով իշխանության ներկայացուցիչների կողմից կա ագրեսիա: Ստացվում է, որ ամեն մի նմանատիպ դեպքից հետո բերվելու են նոր նախագծեր, այսինքն՝ կյանքի յուրաքանչյուր դրվագ պետք է նոր օրենքով դատապարտվի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հեղինակն այն անձն է, որը հանրությանը բաժանեց սեւ ու սպիտակի, և այդ օրվանից սկսվեց հանրության պառակտումը։

Թագուհի Թովմասյանը մտավախություն հայտնեց, որ սպասվող արտահերթ ընտրությունները չեն թոթափելու լարվածությունը, որովհետեւ ընտրությունների ժամանակ ավելի են պրկվելու նյարդերը:

Թագուհի Թովմասյանը նշեց՝ իրավական կիրառելիության առումով խնդիր կա այս նախագծում․

«Մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով, ինչ-որ բան խստացնելու ճանապարհով։ Սա ուղղակի լինելու է մահակ անցանկալի մարդկանց հարցերը լուծելու, տվյալ պահին չեզոքացնելու համար: Իրենց պետք չէ երկարաժամկետ մեկուսացնել»,-նշեց Թովմասյանը։

Թովմասյանն ասաց՝ բոլոր ուժերից առաջարկներ ստացել է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, սակայն դեռ որոշում չունի՝ ցանկանում է մնալ քաղաքականության մեջ, թե ոչ։