Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս ոլորտի մասնագետների կարծիքներին ծանոթանալ․ Իվետա Տոնոյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Ինձ համար բացարձակապես անընդունելի է այն հետևողական քաղաքականությունը, որ երեք տարի շարունակ վարել է իշխանությունը՝ հասարակությանը յուրայինների ու ոչ յուրայինների,  սև ու սպիտակների բաժանելով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ սյունեցիներին ուղղված ելույթներին և պնդումներին։

Պատգամավորը  հարց բարձրացրեց՝  ինչպես է պատահում, որ լավն են միայն այն մարզերը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ծափերով են ողջունում, իսկ այնտեղ, որտեղ հնչում է իշխանությունների համար ոչ ցանկալի խոսք կամ գնահատական, միանգամից այդ մարզին և դրա բնակիչներին բացասական պիտակավորում են տալիս․

«Այդպես չի լինում, մենք ունենք մի հայրենիք, որտեղ ամեն քաղաքացի ազատ է իր կարծիքն արտահայտելու։ Ես որևէ դեպքում բռնության կոչերը չեմ արդարացնում, ում էլ վերաբերի, բայց իշխանություններին կոչ եմ անում օբյեկտիվության սահմաններում լինել իրենց գնահատականները հնչեցնելիս»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իշխող ուժի պնդումներին, թե Սյունիքում ցույցերն ուղղորդված էին՝ Իվետա Տոնոյանն ասաց՝ մշտապես դա կարելի է ասել, բայց նույն  տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած երեխաներն էլ են ուղղորդված բերվել ու  ծափեր հնչեցրել։

ԲՀԿ պատգամավորը հայտարարեց՝ գնում են արտահերթ ընտրությունների՝ հաղթելու և Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու համար․

«Այս պահին  ԲՀԿ-ում պարոն Ծառուկյանի գլխավորությամբ տեղի են ունենում նախընտրական ծրագրերի, տարբեր պլատֆորմերի մշակման աշխատանքները, մենք գնում ենք հաղթելու։ Պարոն Ծառուկյանն անձամբ հետևում է նախապատրաստական աշխատանքներին, և առանձին ոլորտների հետ կապված թեզերը,  նախընտրական հիմնադրույթներն առաջարկում է հենց ինքը»,- տեղեկացրեց նա։

Տոնոյանը վերահաստատեց՝ մայիսի 3-ին վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, անակնկալներ չեն լինելու։

Իսկ թե ովքեր կլինեն ԲՀԿ ցուցակում, Իվետա Տոնոյանն ասաց, որ դա որոշելու է ԲՀԿ քաղաքական խորհուրդը, որից հետո կներկայացնեն հանրությանը, ասաց՝ դեռ քննարկումները ընթացքի մեջ են․

«ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է հաղթելու վճռականությամբ, և կոալիցիա կազմելու հավանականության կամ անհավանականության հարց չի քննարկում։ Իսկ կոալիցիա կազմելու մասին մենք կխոսենք ընտրություններից հետո։ Մենք ինքներս ենք գնում հաղթելու և մեծամասնություն կազմելու»,- ասաց նա։

Հարցին, թե որևէ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի՞ ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը պատասխանեց նույն տեքստով. 

«Մենք գնում ենք հաղթելու, իսկ թե որքան վստահության քվե Նիկոլ Փաշինյանը կհավաքի, պարզ չէ»։

Տոնյանը նաև նշեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հարցի սահմանդրականության վերաբերյալ ՍԴ չեն դիմելու, որպեսզի հունիսի 20-ին նշանակված ընտրությունները չհետաձգվեն։

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Տոնոյանն ասաց․

«Ես առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս ոլորտի մասնագետների, սահմանադրագետների կարծիքներին ծանոթանալ, այս հարցի հետ կապված չկա որոշակիություն, կան երկակի կարծիքներ, մնացած բոլոր խոսակցությունները, ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին կամ այլ ուժերին ինչ-որ գործընթացների մեջ մեղադրելը ես համարում եմ միտումնավոր և կարծում եմ, որ այդ մարդիկ ինչ-որ օրակարգեր են սպասարկում և լավ կլիներ անկեղծ ասեին՝ ինչ օրակարգեր են սպասարկում։ ԲՀԿ-ն որևէ օրակարգ չի սպասարկում»,- ասաց Տոնոյանը։