Բացել լրահոսը Փակել լրահոսը
179560528_1838807992948399_5306442637953153254_n
A A
Պաշտոնական

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանող, ապագա նյարդավիրաբույժի մեծագույն ցանկությունն է ծառայել մարդկությանը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Բիմալ Կումար Գուպտան Հայաստանը հրաշալի բնության, հնագույն մշակույթի և յուրօրինակ ավանդույթների երկիր է համարում: 20-ամյա ապագա բժիշկը ծնվել և մեծացել է Հնդկաստանի Գորախպուր քաղաքում:

«Երբ ավագ դպրոցում էի, հետաքրքրված էի և՛ գիտությամբ, և՛ մաթեմատիկայով: Բայց երազանքս բժիշկ դառնալն էր, ուստի նախընտրեցի գիտությունը, իսկ հետո՝ բժշկի մասնագիտությունը», - պատմում է հնդիկ ուսանողը, որն ավելի քան 6 տարի զբաղվել է կարատեով և այս մարզաձևի մրցաշարում պետական մակարդակով արժանացել ոսկե մեդալի:

«Քանի որ սիրում եմ այն, ինչ անում եմ, ես մոտիվացիայի կայուն աղբյուր ունեմ: Սիրում եմ ճանապարհորդել և նոր վայրեր ուսումնասիրել: Կա մի բան, որ ես միշտ ցանկացել եմ իմ կյանքում. հասնել և դիպչել հաջողության ամենաբարձր կետին: Համոզված եմ, որ անպայման անելու եմ դա», - վստահեցնում է նա:

Բժիշկ դառնալու ցանկությունը Բիմալի մոտ ի հայտ է եկել ընտանիքի շնորհիվ: «Ծնողներիս աշխատանքը կապված էր բժշկական ոլորտի հետ: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք օգնում մարդկանց, հոգ տանում նրանց մասին: Այդ պատճառով էլ որոշեցի բժիշկ դառնալ: Ինձ նաև դուր է գալիս, թե ինչպես են մարդիկ ուշադիր լսում, երբ բժիշկներն են խոսում, որևէ բան բացատրում», - շեշտում է հնդիկ ուսանողը՝ հավելելով, որ ցանկանում է դառնալ լավ բժիշկ, մարդ, որը պատրաստ է ապրել ուրիշների խնդիրներով:

«Հայրս միշտ ասում է, որ կյանքը պետք է ապրել ուրիշների համար: Մենք պետք է օգնենք այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն: Եթե ձևակերպեմ մեկ նախադասությամբ, ապա մարդկության համար աշխատելն իմ երազանքն է», - խոստովանում է Բիմալը:

Ապագա բժիշկը համացանցից է տեղեկացել 100-ամյա բժշկական բուհի պատմության, համալսարանական հիվանդանոցների գործունեության մասին: Հնդիկ ուսանողի համար Հայաստանը երկրորդ հայրենիք է:

«Ես սիրում եմ Հայաստանը: Այստեղի ժողովուրդը բարեսիրտ է, բարեկամաբար է վերաբերվում օտարերկրացիներին: Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր, ինչպես, օրինակ, Արարատի գեղեցիկ տեսարանը, աննկարագրելի է մաքուր ջուրը, որը հասանելի է ամենուր: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հպարտ եմ, որ նախընտրեցի սովորել Հայաստանում», - ասում է Բիմալ Գուպտան:

Նրա խոսքով՝ ԵՊԲՀ դասախոսները տալիս են լավագույն գիտելիքները, անգամ առցանց՝ համավարակի պայմաններում:

Բիմալն ասում է, որ ընդհանուր բժշկությունից հետո կցանկանար նյարդավիրաբուժություն ուսումնասիրել:

Բժիշկը, նրա համոզմամբ, ոչ միայն կոչում է, այլև բարձր պատասխանատվության զգացում: «Լավ բժիշկը խնամում է իր հիվանդին, նվազագույնի է հասցնում ցավը և արագ վերականգնում հիվանդությունից: Լավ բժիշկը պետք է ուժեղ լինի սրտով և մտքով», - կարծում է ապագա նյարդավիրաբույժը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ ավելի լավ կրթության, տեխնոլոգիաների և ընթացակարգերի վրա, որպեսզի հնարավոր լինի որակյալ բուժօգնություն ապահովել:

Զրույցի վերջում Բիմալ Գուպտան կիսվում է կյանքի իր կարգախոսով. «Մեկ անգամ ենք ապրում, այնպես որ բոլոր ջանքերը պետք է գործադրել կյանքը հաջողակ դարձնելու համար, որպեսզի հետո չզղջանք»»: