Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձեր են կանխվել (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման հերթական փորձը:

Այսպես, վարչությունը տվյալներ է ստացել, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին ընդհանուր առմամբ սպիրտային խմիչքների 624.300 հատ, խաղողի գինու 20.000 հատ, իսկ թրմերի և այլ ըմպելիքների համար` 8.000 ակցիզային դրոշմանիշեր:

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից առաջ են քաշվել վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ, որոնք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ուսումնասիրություններ են կատարվել նաև տնտեսվարող սուբյեկտների գործունեության վայրերում: Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման և ձեռքբերման փաստաթղթեր, ինչպես նաև օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի և մասնագիտության աշխատակիցներ: Պարզվել է նաև, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն ներգրավվում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են նաև նմանատիպ քրեական գործեր: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ: Վարչությունը հետևողական է նշված հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում։