Բացել լրահոսը Փակել լրահոսը
178895733_4134958146542618_4052230200253838770_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը․ Արարատ Միրզոյանը՝ Կարոլինա Սալինասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Սալինասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս օրերին Երեւանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է: Նա անձնապես շնորհակալություն հայտնեց նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակը գործընկերոջը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանն արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 9-րդ կետը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսեւորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր: Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներին այս հարցում իրենց հետեւողական դիրքորոշման համար, համաձայն որի՝ դեռեւս 2020 թ. աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը եւ գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնության բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը եւ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Կարոլինա Ֆերնանդեսը խորհրդարանների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը: