Լևոն Արոնյանը զիջում է դիրքերը առցանց միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի New In Chess Classic միջազգային մրցաշարում կայացան հերթական հինգ տուրերը: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանն այս անգամ ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունք:
Մեր գրոսմայստերը նախ երեք անգամ ոչ-ոքի խաղաց, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: 9-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, սակայն արդեն հաջորդ տուրում հաղթեց լեհ Յան-Կշիշտով Դուդային և վերադարձրեց կորսված միավորը:
Մրցաշարում կայացած 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մագնուս Կառլսենը, որը վաստակել է 7 միավոր: Լևոն Արոնյանը 5,5 միավորով այժմ բաժանում է 7-9-րդ տեղերը:
Այսօր կկայանան նախնական փուլի վերջին հինգ տուրերը: Մեր շախմատիստի համար հատկապես սկզբունքային նշանակություն ունեն իրենից առաջ գտնվող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի և վիետնամցի Լի Քուամ Լիեմի հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է արագ շախմատի կանոններով, 15+10 ձևաչափով: Մրցումներին մասնակցող 16 շախմատիստները պայքարում են փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի համար: Նախնական փուլում անհաջողության մատնված ութ շախմատիստները կստանան 2,500-ական դոլոր պարգևավճար: Մրցաշարի հաղթողը կվաստակի 30 հազար դոլար, իսկ եզրափակիչում պարտվողը` 15 հազար: