Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհված անձանց 3 039 գործ․ ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական, պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացրեց՝ ինչպես է իրենց վարչությունը համագործակցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ և փոխհատուցումներ տրամադրում զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորում ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին․

«Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը, նաև աշխարհագրական հեռավորությունը՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը, որոնք հետո յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացվում են վարչություն, մեր վարչության կողմից իրականացվում է տվյալների ճշգրտում, դրանից հետո դրանք ուղարկվում են հիմնադրամ»,- ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանը նշեց՝ անձին վճարվելիք փոխհատուցման առումով շատ կարևոր է հստակ ճշտել նրա կարգավիճակը։

Հայտնեց նաև, որ հիմնադրամի կողմից փոխհատուցումների վճարման գործընթացը նախարարության վերահսկողությունից դուրս է, բայց համագործակցային լավ կապեր են ստեղծված, աշխատում են ամենօրյա ռեժիմով․

«Մեր կողմից արդեն իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել 3 039 գործ, խոսքը վերաբերում է զոհված անձանց: Մեր տվյալներով՝ 2 500 գործի մասով արդեն կա որոշում, որ փոխհատուցումը վճարվի հիմնադրամի կողմից»,- ասաց նա ու նշեց, որ այդ թիվը վերջնական չէ:

Ավետիսյանի խոսքով՝ դեռ  կան անհետ կորած անձինք, որոնց կարգավիճակն անհայտ է, բայց  կառավարության որոշմամբ հաստատվել է և կիրրականացվի պիլոտային ծրագիր, և անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, որոնք դեռևս չունեն կարգավիճակ, կվճարվի 300-հազարական դրամ:

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց՝ առաջին և երկրոդ կարգի զինհաշմանդամները ևս դառալու են հիմնադրամի շահառու․

«Հաշմանդամություն ունեցող անձանց 301 գործ է ուղարկվել հիմնադրամ, և այդ գործերով արդեն իրականացվում են փոխհատուցումներ»։