Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հադրութեցի Մարգարիտայի «Կարոտի փնջերը» Երևանում (տեսանյութ)

Մի բաժակ ջրում թրմվում է «Կարոտի փունջը»։ «Սիրուն», «Անուշ», «Հրաշք» անուններով թեյափնջերը երկար ճանապարհ անցել, Հադրութի Տող գյուղից Երևան են հասել, իսկ  հիմա՝ Արցախ ու Հայաստանի տարբեր մարզեր՝ շնորհիվ Մարգարիտայի։

Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի Մարգարիտան կորոնավիրուսի օրերին Տող գյուղում  հիմնել է թեյերի իր փոքրիկ բիզնեսը։ Բացահայտել է, որ Դիզակի՝ մեկ տասնյակից ավելի բուսատեսակներից հնարավոր է ստանալ ոչ միայն համեղ, այլ նաև առողջարար թեյեր

 «Երբ  համաճարակը գլուխ բարձրացրեց, և դասերը տեղափոխվեցին առցանց հարթակ, որոշեցի ինչ-որ հետաքրքիր զբաղմունք մտածել, սկսեցի ուսումնասիրել Դիզակի ֆլորան, այն բույսերը, որոնցից կարելի է թեյեր ստանալ և սկսեցի»,-պատմում է Մարգարիտա Գրիգորյանը։ 

Պատերազմի հետևանքով Մարգարիտան երեք երեխաների հետ ստիպված Արցախից Երևան է տեղափոխվել՝ այնտեղ թողնելով տունը, աշխատանքը, իսկ ամուսինը մարտադաշտում վիրավորվել է։

Ասում է՝ այստեղ հաստատվելը հեշտ չէր, սկզբում քաղաքից քաղաք են տեղափոխվել, վերջում Սոցապնախարարության աջակցությամբ հաստատվել Ավանի հանրակացարանում

«Ես անգամ չեմ էլ մտածել, որ մենք կարող ենք հաստատվել այստեղ, անգամ չէի մտածում, որ կարող եմ այսքան ուժեղ լինել՝ ցավը կորուստը, անորոշությունը։

Արդեն Երևանում նոյեմբերի առաջին օրերին Մարգարիտան, ով իր հետ ընդամենը հասցրել էր մի փունջ ուրց և ուրցադաղձ բերել, մասնակցում է  «Ոստան» ցուցահանդես-վաճառքին, որից հետո էլ վերսկսում է իր գործունեությունը։

Երևանցիներին Տողի թեյերը հիմնադրման օրից էլ ծանոթ են եղել, այս առումով, Մարգարիտան ասում է, դժվարություններ չեղան, այսօր Արցախի կարոտը փաթեթավորում ու մարդկանց է տալիս, զգացողությունները բառերով նկարագրել հնարավոր չէ։ 

Թեյերի հումքը հիմա Վայոց ձորի դաշտերից է, բայց վստահ է՝ մի օր թեյերը կրկին հենց Դիզակի հումքով և Արցախում են պատրաստվելու․

«Հիմա արդեն ապրելու ու ապրեցնելու համար է այս գործունեությունը»,-ասում է Մարգարիտան ու իր կարոտի եռյակից «Սիրուն» թեյը պատրաստում։