Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք․ էդ ի՞նչ խայտառակ բան ա ստացվել, որ նույն խմբակցությունում եք․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Ներկայիս իշխանությունը, որ միշտ դեմ է եղել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, այժմ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով, ԱԺ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արմեն Եղիազարյանը և հարց ուղղեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին, թե ինչպե՞ս է ստացվում, որ հենց իր ղեկավարած նախարարությունում է նաև նման պատկեր։

Հղում անելով «Հետք»-ի հրապարակած հոդվածին՝ Եղիազարյանը նշեց, որ ՏԿԵՆ ենթակայության տակ գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսին Ստեփան Մաչյանը։ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ է նշանակվել Ստեփան Մաչյանի ընկերը։ Եվ,ըստ նրա բերած տվյալների, ևս մի քանի պաշտոններում նշանակվել են Ստեփան Մաչյանի ընկերներն ու ծանոթները․

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր գերատեսչությունում այս խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին ի՞նչ գնահատական եք տալիս։ Դուք այն իշխանությունն էիք, որ պետք է բացառեիք սա, սրա մասին շատ եք խոսել, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը Ձեր գերատեսչության ներքո», - ասաց Արմեն Եղիազարյանը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին։

Վերջինս պատասխանեց, որ Արմեն Եղիազարյանը կիսատ ընթերցեց, այնտեղ նշվում էր նաև, որ դեպարտամենտի տնօրենը նաև ընկերական կապեր ունի մեր Կառավարության անդամներից մեկի հետ, գուցե իր հետ սրճարանում մեկ անգամ սուրճ էլ է խմել․

«Ժողովուրդ ջան, ախր չի՛ կարելի։ Ես այն օրը տեսա Ձեր լուսանկարը, չգիտեի, որ Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, այդ ի՞նչ խայտառակ բան է ստացվել՝ Դուք նույն խմբակցությունում պատգամավոր եք։ Բա քաղաքականությունն ու նաև վստահությունը սրա հիման վրա է, այստեղ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունք չկա», - ասաց Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ մրցութային կարգին համապատասխան իրականացվում են մրցույթներ, թող մասնակցեն, ո՞վ է մասնակցել, որ մրցույթում պարտվել է, ո՞վ է եղել, որ ինչ-որ մեկին փորձել է օգնի, եթե եղել է անիրավ բան, ո՞ւմ են բողոքել և որտե՞ղ են բողոքել․

«Այս հարցերի պատասխանները եթե կունենաք ու կպարզվի, որ իմ գերատեսչությունում տեղի է ունենում գործընթաց, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի հիման վրա մեկին առավելություն են տալիս, մյուսին՝ ոչ, այդ ժամանակ կխոսենք», - ասաց նա։